կարևոր
793 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-16 21:47
Աշխարհ

Բաքվում ավարտին է մոտենում Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը». մանրամասներ

Բաքվում ավարտին է մոտենում Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը». մանրամասներ

Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործով «դատական» նիստը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը երկու միջնորդություն է ներկայացրել:

Առաջինը վերաբերել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչին որպես վկա կանչելուն։ Վարդանյանը նշել է, որ ԿԽՄԿ աշխատակիցները բազմիցս այցելել են իր մեկուսարան, օգնել հագուստ, սնունդ ապահովելու և ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում. ԿԽՄԿ–ի ներկայացուցչի մասնակցության ապահովման նպատակն է, որ պարզվի Վարդանյանի կարգավիճակը։

Դատարանը մերժել է միջնորդությունը։ Նախագահող Զեյնալ Աղաևն ասել է, որ միջնորդությունը «գործի հետ կապ չունի»: Նա նշել է, որ «դատարանը» քննում է մարդու «մեղավորության» հարցը, և «այն, ինչ այդ առիթով կասի ինչ-որ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, դատարանի համար նշանակություն չունի»:

Երկրորդ միջնորդությունը վերաբերել է քննիչին դատարան կանչելուն՝ սկավառակներում առկա որոշ տվյալներ ճշտելու համար (սկավառակներում հավաքված են Վարդանյանի գրասենյակի և բնակելի տան խուզարկության վերաբերյալ արձանագրություններն ու տեսանյութերը)։

Այս միջնորդությունը նույնպես մերժվել է։ Աղաևը նշել է, որ Ադրբեջանի Քրեական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածում նշված են այն անձինք, որոնք չեն կարող հարցաքննվել որպես վկա, և նրանց թվում է նաև քննիչը:

Դրանից հետո նախագահողը լսել է կողմերի կարծիքները «դատաքննության» ավարտի վերաբերյալ: Կողմերը հայտարարել են, որ դեմ չեն «դատաքննության» ավարտին և ելույթների մեկնարկին:

Դատախազները ժամանակ են խնդրել ելույթին պատրաստվելու համար։