|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Մոսկվան ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների մասին ոչ մի ազդակ դեռ չի ստացել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Դեկտեմբերի 15-ին ավարտվել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի, Թրամփի փեսա Ջարեդ Քուշների և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ երկօրյա բանակցությունները: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, իսկ Ուիտկոֆը հայտարարել է զգալի առաջընթացի մասին:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի կազմակերպումից առաջ անհրաժեշտ է ծանոթանալ եվրոպացիների մասնակցությամբ Վաշինգտոնի և Կիևի շփումների արդյունքներին:
«Նախ պետք է հասկանալ, թե ինչ կմշակվի եվրոպացիների մասնակցությամբ ամերիկացիների և ուկրաինացիների բանակցությունների արդյունքում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե երբ է նախատեսվում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններն ակտիվացել են հակամարտության կարգավորման հնարավոր ձևաչափերի քննարկումների և Կիևին հետագա աջակցություն տրամադրելու ֆոնին:
Վերջին ամիսներին Սպիտակ տան ներկայացուցիչները բազմիցս հաստատել են, որ ԱՄՆ–ն Ուկրաինայի նկատմամբ երկարաժամկետ ռազմավարության վերաբերյալ երկխոսություն է վարում ինչպես Կիևի, այնպես էլ դաշնակիցների հետ:
Մոսկվան իր հերթին ընդգծում է, որ իրավիճակը կգնահատի ըստ այդ քննարկումների և Վաշինգտոնում ու Կիևում կայացվող որոշումների արդյունքների: