Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ 2007 թվականի հունիսի 1-ին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ստանձնեց իր պաշտոնը, նույն թվականի հունիսի 10-ին 56 երկրների` Բելգրադում հավաքված բնապահպանության նախարարների հետ, որպես Հայաստանի թիվ մեկ բնապահպան, ակցիայի մասնակցեց` աշխատավայր հասնելով հեծանվով: Այդ օրերին Սերբիայի մայրաքաղաքում շրջակա միջավայրի մասին մտահոգվողները հավաքվել էին` մասնակցելու «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» 6-րդ նախարարական համաժողովին:
Անցել է 4 տարի, եւ սույն թվականի սեպտեմբերի 21-23-ը «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» 7-րդ նախարարական համաժողովն իր հարկ տակ է ընդունելու Աստանան, որին Հայաստանից այս անգամ մասնակցելու են բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը եւ բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիտորինգի վարչության պետ Աշոտ Հարությունյանը:
Ինչո՞ւ է այս անգամ նախարարությունը երկու հոգանոց պատվիրակություն ուղարկում: Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀ կառավարությունն Աստանայի հանդիպմանը մեկնող պատվիրակությանը չի ֆինանսավորում, այդ գործն իր վրա է վերցրել Ղազախստանի կառավարությունը:
Իսկ թե ինչո՞ւ նախարար Հարությունյանը չի մեկնում` հանդիպելու օտարերկրյա իր գործընկերների հետ, պարզից էլ պարզ է, քանի որ հենց այդ օրը Հայաստանը նշելու է ՀՀ անկախության 20-ամյակը, իսկ նախարարի ներկայությունը պարտադիր է:
Նշենք, որ այս անգամ նախարարական հանդիպման մասնակից երկրները կքննարկեն հիմնական բնապահպանական մարտահրավերները եւ անդրսահմանային հարցեր, կարեւորագույն թեմաներից կլինի ջուրը եւ ջրի քաղաքականությունը:
Իսկ այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ նախարարը Ջերմուկում դարձյալ հեծանվավազքի է դուրս եկել եւ հաղթահարել 3 կմ ճանապարհ: Նախարարին հեծանիվներով ուղեկցել են Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։
Վերջին շրջանում խոսվում է, թե Հայաստանի նախագահը անկախության 20-ամյակի տոնակատարություններից հետո վերադասավորումներ է անելու կառավարությունում եւ այլ պետական կառույցներում: Արամ Հարությունյանը բնապահպանության նախարարի պորտֆելը ձեռքն առավ ու հեծանիվ քշեց, հավանորեն Ջերմուկում էլ նրա նախարարական վերջին հեծանվավազքն էր:
Գալուստ Նանյան