Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս կայքին, ասացեք խնդրեմ, հանգիստ չեն տալիս երկու կին և Սերժ Սարգսյանը: Այդ կանայք Ալվարդ և Շուշան Պետրոսյաններն են, ովքեր ընտրել են Սերժ Սարգսյանին: Եվ քանի որ «7oր»-ի մտածողության տրամագիծը խառնակչությունն է, իսկ խորության աստիճանը` հիշաչարությունը, ոչինչ չեն կարողացել արարել ձեռքներն ընկած այդ ինֆորմացիայից, քան հերթական ապուշությունը թխել նախագահական ընտրություններում ՀՅԴ-ՀՀԿ` տեղի չունեցած սատարման մասին:
Մի հասարակ հարց տանք «7oր»-ի մեր գործընկերներին՝ պարոնա'յք, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ ասել է սատարել: Սատարման դասական օրինակ է ՕԵԿ-ի սատարումը: Համաձա՞յն եք: Մեր համոզմամբ՝ սատարման խիստ ժամանակակից և ինքնատիպ ձև է Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի սատարումը: Համամիտ չե՞ք: Սամվել Բալասանյանից հետ չմնացին Գյումրիից և այլ տեղերից ընտրված ԲՀԿ-ական մեծամասնական պատգամավորները: Լսե՞լ եք նրանց մասին: Իսկ տասնյակներով ԲՀԿ-ական համայնքապետերի հայտարարություններին տեղյա՞կ եք: Նրանք բոլորը, Սամվել Բալասանյանից սկսած, նախապես հայտարարել էին, որ սատարելու և ընտրելու են Սերժ Սարգսյանին: Հետևաբար, դուք պարտավոր եք սրանց փետուրները քամուն տալ: Ինչո՞ւ չեք անում: Փոխարենը կպել եք Ալվարդ Պետրոսյանի հետընտրական հայտարարությունից, որ ինքն իր մեկ հատիկ ձայնը տվել է Սերժ Սարգսյանին: Ինչպիսի տնաքանդություն:
Հանգստացնենք 7oրականների խմբակի առաջնորդներին` ասելով, այո', դուք ճիշտ եք, երբ գրում եք, որ ՀՅԴ կանոնագրով նման հարցերը կարգավորվում են, և ՀՅԴ-ում էլ, կարծես, զբաղվում են այս հարցով: Բայց անչափ ցավալի է, որ, զոռ տալով հիշաչարությանը, կրկին մեջտեղ եք բերում մի պատմություն, որից առանձնապես շահած դուրս չէիք եկել: Խոսքը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի և Սերժ Սարգսյանի մի հանդիպման մասին է, որից և' առաջ, և' հետո ՀՅԴ-ն հայտարարել էր, որ ոչ մի պարագայում իշխանության թեկնածուին չի սատարելու: Կարող ենք, իհարկե, այստեղ մանրամասն պատմել, թե «7օր»-ն ինչ պատասխան ստացավ այդ հանդիպման շուրջ իր տարածած հերյուրանքի համար, բայց դրա կարիքն առայժմ չկա: Մանավանդ, որ «7oր»-ի տերերն այս օրերին ինչ-որ առանցքի ձևավորմամբ են զբաղված ու, հնարավոր է, դա հենց այն առանցքն է, որ նվեր են ստացել իրենց կողմից այնքան «չսիրված» Սերժ Սարգսյանից՝ ի նշանավորումն նախագահական ընտրություններում նրան քաջաբար չսատարելու: Կապրենք՝ կտեսնենք, ինչպես ասում են:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ