Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ անգամ չէ, որ խոսել ենք այն մասին, թե Հայաստանի անվտանգությունը միայն սահմանինը չէ, որ խախուտ է խորքից, այդ անվտանգությունը չկա և ոչ մի ոլորտում։ 12 նախարարություն ունենք, 10 մարզպետարան ունենք, մի քանի տասնյակ խորհուրդներ, կառավարչական մարմիններ ու հանձնաժողովներ ունենք, չես գտնի մեկը, որտեղ ամեն ինչ կարգին է այնպես, ինչպես պետք է լինի ըստ իր կոչման, սահմանադրության և օրենքների։ Մեր ներքին կյանքում ևս անվտանգության ապահովումը, այնպես ինչպես պետք է լինի, բացակայում է։ Սա մի բառով կոչվում է բարդակ։
Իշխանությունն ասում է՝ ինչ լինում է մեղադրում եք կառավարությանն ու Փաշինյանին, ժողովուրդն էլ ասում է՝ ինչ լինում է՝ ասում եք խեղճ հարիֆն ի՞նչ մեղք ունի, բա ո՞վ ունի։ Ժողովուրդ ջան, իրոք երբ վերլուծում ես, տեսնում ես, որ մեզ հասած ողբերգությունների մեջ խեղճ հարիֆ կոչվածն ունի որոշ դեպքերում անուղղակի, որոշ դեպքերում՝ ուղիղ առնչություն։
Չեմ ասի, թե Նիկոլն է գնացել Աբովյանի գազալցակայան ու արտահոսած գազի բալոնի տակ զաժիգալկան վառել, չէ․ էդպես չի եղել, բայց 4 տարվա ընթացքում 10-ից ավելի խոշորամասշտաբ աղետը մի քանի տասնյակ այսպես ասած՝ մանր աղետներն ու ողբերգությունները ինչի՞ մասին են խոսում, եթե ոչ բարդակի, իշխանության մեջ ամենաթողության, իշխանության անպատասխանատվության, իրականում՝ չգոյության։
2019 թվականին կորոնավիրուսը հայտնվեց, 2020 թվականի գարնանը եկավ մեր երկիր․ գրեթե բոլոր երկրները պատրաստ էին այդ վիրուսի դեմ քայլեր ձեռնարկելու, մեր երկրում սահմանադրական քարոզարշավ էր․ անլուրջ ընդունեցին ու արդյունքը եղավ այն, որ կորոնավիրուսից մահերի թվով Հայաստանն առաջատարներից է աշխարհում․ 11 հազարից ավելի մահ է եղել։ Ասացին՝ խեղճ հարիֆն ինչ մեղք ունի՝ վիրուս էր․ բայց խեղճ հարիֆը կարող էր, չէ՞ պատրաստվել, իրա գործն էր դա, ամեն բան անելը։ Արե՞ց, արեց, երևի, բայց որ շատ ուշ արեց, ուշ կպավ այդ գործին՝ փաստ է։
44-օրյա պատերազմը մեր երկրի գլխին եկած մեծագույն աղետն է, էլի իր օրոք, իր տապալած բանակցությունների արդյունքում։ Պատերազմի մասին շատ ենք խոսել, ստերի մասին շատ ենք խոսել, էլի կխոսենք, բայց էդ վատ պատերազմ վարելու արդյունքում ունեցանք 5 հազար զոհ։ Նիկոլի օրոք հաջորդ խոշոր աղետը 2021թ․ մայիսին էր, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք Սյունիքի մարզից և խորացավ մինչև Սև լիճ՝ շուրջ 30 տոկոսն օկուպացնելով։ Մինչև հիմա այնտեղ են։ Նիկոլի օրոք մյուս աղետը 2022 թվականի օգոստոսի 14-ին էր, երբ պայթյուն տեղի ունեցավ Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում։ Զոհվեց 16 մարդ։ Մինչև հիմա հանրության մեջ վարկածներ են պտտվում, թե ինչու պայթյուն եղավ, ով էր աչքդ դրել Սուրմալուի վրա և այլն։ Ասացին, թե այդ հիմնարկում տեխնիկական խնդիրներ կային, բայց հետևողական չէին եղել։ Մի հարց, իսկ այդ դեպքից հետո, բոլոր տոնավաճառներում, օրինակ ու դիցուկ՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող վաճառատներում սաղ տոչնի է՞, խնդիրներ չկա՞ն․ հաստա՞տ։ Նիկոլի օրոք մյուս աղետը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն էր Ջերմուկի կողմից։ Ունեցանք 224 զոհ։ Ընդհանուր հաշվով՝ ավելի քան 210 քառակուսի կմ տարածք օկուպացրեց թշնամին։ Նիկոլի օրոք մյուս աղետը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին էր, երբ Ադրբեջանը հարձակվեց շուրջ 9 ամիս բլոկադայի մեջ գտնվող Արցախի վրա։ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ օգնություն չի ցուցաբերելու Արցախին՝ պատերազմի մեջ չներքաշվելու համար։ Մի քանի օր անց տեղի ունեցավ Արցախի համար էլ ավելի մեծ աղետ, քան պատերազմն էր ու զոհերն էին․ սեպտեմբերի 24-ից Արցախից սկսվեց քաղաքացիների բռնի գաղթը Հայաստան։ Մի շաբաթում Արցախը դատարկվեց։ Պատկերացնում ե՞ք ժողովուրդ, հազարամյակներով մարդ ապրած, թշնամական ազգերի ու ցեղախմբերի բազմաթիվ հարձակումներ, արշավանքներ տեսնելուց հետո Արցախը դիմացավ, հայ ապրեց, Նիկոլի որոք, իր իշխանությամբ պետության պատասխանատվության տակ ապրող հայերը դուրս եկան իրենց տներից՝ թողնելով ամեն բան, ու դարձան փախստական։
Նիկոլի օրոք մյուս աղետը Արցախի գլխին այն երկու աղետների՝ հարձակման ու բռնագաղթի օրերին էին՝ սեպտեմբերի 25-ին, երբ պայթեց Ստեփանակերտի բենզինի պահեստը և ունեցանք 218 զոհ։
Մի մասդ կասեք սրանք սև թուղթ են, մի մասդ կասեք խեղճ հարիֆ են, մի մասդ կասեք՝ մեր թշնամիների ծրագրերն են կատարում, մի մասդ կասեք՝ բախտ չունեն, որոշներդ կասեք՝ անկարող են, որոշներդ կասեք՝ նախախնամություն է, անգամ գուցե էս սաղ աղետները կապեք նրա հետ, որ 2018 թվականից Մայր տաճարը փակվել է վերանորոգման համար ու Աստված մեզ փորձությունների է ենթարկում։ Ու փաստ է, որ մենք Նիկոլ Փաշինյանի գալուց ի վեր աղետների մեջ ենք։
Նիկոլ Փաշինյանի օրոք հերթական աղետը, 6 ամիս անգամ չանցած՝ 2023թ․ հունվարի 19-ին հրդեհը Վարդենիս քաղաքի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում ի՞նչ էր, եթե ոչ պետության չգոյության ապացույց։ Ի՞նչ իրավունք ուներ զինվորը քնել էդպիսի պայմաններում։
Եթե էս ամենի մեջ իշխանությունը մեղք չունի, խեղճ հարիֆ է, բա էդ ո՞նց է, որ ոչ մեկը պատշաճ քննություն չի ստացել․ կորոնավիրուսի մասով քրգործ են բացել, ում բռնել էին, թողել են, պատերազմը ՔՊ-ն քննում է ու ոչ մի պատասխան տվող չկա, մայիսյան ներխուժման համար ոչ մեկ պատասխան չտվեց ու ոչ մի միլիմետր հետ չշպրտեցին, սեպտեմբերյանը՝ նույնպես, Սուրմալուի դեպքով ինչ-որ անհայտ ձևով քննություն է, Ազատ գյուղում 15 զինվորի զոհվելու դեպքով հա ծնողները բողոքի ցույց են անում, որովհետև քննությունը գնում է միայն Նիկոլ Փաշինյանի վարկածով, որը, հետն էլ չի հաստատվել։
Նիկոլ Փաշինյանի օրոք մյուս աղետը Հայստանից 4 գյուղի հանձնում էր թշնամուն․ մեր տարածքի հերթական մետրի վրա դրվեց Ադրբեջանի դրոշը։ Նիկոլ Փաշինյանի օրոք մյուս աղետը մայիսի 26-ին ջրհեղեղն էր Լոռու և Տավուշի մարզերում, որին զոհ գնաց 4 մարդ, ավերվեցին ճանապարհներ, տներ, ենթակառուցվածքներ։ Նիկոլ Փաշինյանի օրոք մյուս աղետը 2024 հունիսի 6-ին գազալցակայանում հզոր պայթյունն էր, որի արդյունքում 7 հոգի տեղափոխվեց հիվանդանոց։
Այսինքն էսքան աղետները նշանակում են, որ էս երկրում պատասխանատու իշխանութուն չկա, կառավարիչ չկա, մենեջմենթ չկա, ուղղակի պատահական մարդիկ եկել նստել են էդ աթոռներին կամ ղեկին, ոնց կուզեք, ու ղեկը աջ ու ձախ են անում, պատերին խփում։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը գնում է պայթած գազալցակայանի մոտ ու ասում՝ գազալցակայանն ուներ օրինականության խնդիր։ Մարզպետը՝ պետական ծառայողը, որ մի երկու օր առաջ ստացել է 832 հազար դրամ աշխատավարձ և նույնքան էլ պարգևավճար՝ գազալցակայանի հարկերից ու գազալցակայանի պայթյունից տուժածների հարկերից, նստում է պետությունից տված ավտոմեքենան, գնում է պայթյունի վայր ու հպարտ դեմքով ասում է՝ գազալցակայանը փակման ենթակա էր, խախտումներով էր աշխատում։ Բա դու ո՞վ ես, ինչի՞ համար է քո աշխատասենյակի վրա գրած մարզպետ։ Հիմա որ ստուգենք մարզպետարանը, համայնքապետարանը, մարզում զանազան կառույցները, քա՞նի ծանոթ-բարեկամի ես գործի տեղավորել, ինչքա՞նով ես օգտվել հարկատուների հաշվին։ Բա հարկատուի հաշվին ապրում ես, ձերոնց համար հարցեր լուծում, տեղավորում աշխատանքի, քո միակ անելիքը պետք է լիներ մարզում կարգուկանոն հաստատելը, դա էլ աղետից հետո գալիս ասում ես դե բա խնդիրներ ունե՞ր, փակման ենթակա է՞ր, այսինքն անօրինական։ Փակման ենթակա էր, անօրինական էր՝ փակեիք։ Իսկ ձեր էդ սաղ թիմը, քո ու շեֆիդ ու իր շեֆի հետ միասին, փակման ենթակա չե՞ք։ Եթե Հայաստանի վարչապետ կոչվածը մի քիչ իր տեղում լիներ, եթե մարզպետը մի քիչ վախենար երկրի ղեկավար կոչվածից, աշխատանքից ազատման դիմումը միանգամից կգրեր։
Բայց չէ, բարդակ է։ Էս վերջին 4 տարում մեր գլխին էնքան ողբերգություն եկավ, որքան չէր եկել նախորդ 100 տարում։ Մենակ սենց կառավարության մեջ է հնարավոր 20 զինվորի նստեցնեն մի չաշխատող Ուրալի մեջ ու ուղարկեն ձորից ընկնելու։ Մենակ բարդակ պետության մեջ 14 տարեկան երեխան ատրճանակով դպրոց կգնա ու կկրակի դասարանցիների վրա, մենակ բարդակ կառավարության պայմաններում երիտասարդ բանվորը 9 հարկանի նորակառույցից կընկնի, որովհետև շինարարական նորմերը չեն պաշտպանվում, մենակ բարդակ կառավարության պարագայում է հնարավոր տեխնիկական սպիրտ ծախել խմելու համար ու 14 զոհ տալ։ Ոչ մեկին չի հետաքրքրում անվտանգության կանոն պահելը, որովհետև սաղ գիտեն՝ իշխանություն չկա, վերահսկողություն չկա, պետությունն ընկել է միտինգավորների հետևից։ Բոլոր հանցագործները աչքների առաջ ունեն երկրի վարչապետի՝ չաշխատող, պատասխանատվությունից թռնող, երկիրը վարի տված ու մեղքը սրա-նրա վրա գցող կերպարը։
Երկիրը աղետի մեջ, աղետից ժամեր անց գիշերը դուրս է գալիս ու հեծանիվ քշում, քանի դեռ դատարկ փողոցներ են, ոչ մեկ չի հանդիպի, որ սիգնալ տա կամ հայհոյի։ Ապրում է իր առօրյայով, կմեռնեք, սաղ կմնաք, վեջը չէ։
Մի աղետ էլ նա է, որ թշնամի պետության ղեկավարը պահանջում է սահմանադրություն փոխել։ Ու վաղը փոխելու են, չկասկածեք։
Կարճ ասած՝ էն որ ՔՊ-ական իշխանությունը թալանում է, գիտենք, էն որ խրված է կոռուպցիայի մեջ, փաստերը լիքն են․ էն որ անխնա հարստանում են, դա էլ ենք տեսնում, բայց սրա հետ միասին, գոնե երկիրը պահեին՝ վարի են տալիս երկիրը, մեզ էլ՝ մեջը։ Ժողովուրդ ջան, ձեզանից ոչ մեկն ապահովագրված չէ ոչ մի բանից։ Երբ աղետները հաջորդում են իրար, աղետների ֆոնին վարչապետը գնում է հեծանիվ քշելու, ուրեմն ոչ թե պետք է աղետից զարմանալ, այլ ասել՝ բա ուրիշ էլ ո՞նց էիք պատկերացնում։ Էս որակի իշխանության պարագայում այլ բան հնարավոր է՞։ Աղետից ես չեմ զարմանում․ ես կզարմանամ, որ Նիկոլի ու ՔՊ-ականների էդ կերպարների ֆոնին աղետ չլինի։
Սևակ Հակոբյան