կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-15 11:04
Առանց Կատեգորիա

Օրինաչափություն

Օրինաչափություն

Շքեղ այս շինությունը Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի առանձնատունն է: Գտնվում է Հովնան Որոտանցու փողոցում, որը սիսիանցիներն անվանակոչել են «Վահագնի թաղամաս», քանի որ այդ փողոցում են գտնվում քաղաքի ճոխ առանձնատները: Խնամքով ասֆալտած ճանապարհն էլ քաղաքապետարանից ձգվում է մինչեւ քաղաքապետի տուն:

Մի փողոց էլ կա Սիսիանում, որը պակաս հետեւողականությամբ, սակայն ասֆալտապատվում է. նախկին քաղաքապետի առանձնատուն տանող փողոցն է: Մնացածն այն վիճակում են, որ պատկերված է մյուս նկարում: Օրերս «Երկիր»-ի` Սիսիան այցելած թղթակցին սիսիացիները բողոքել են, որ այս տարի Սիսիան քաղաքի բյուջեով նախատեսված է եղել բարեկարգել քաղաքի Աղայան փողոցը, սակայն քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը այդ գումարներով վերականգնել է իր տան մոտով անցնող Հովնան Որոտանցու փողոցը եւ լուսավորել այն:

«Աղայան փողոցը համարվում է Սիսիանի գլխավոր փողոցներից մեկը, սակայն քաղաքապետը նախընտրեց, որ իր տան դիմացով անցնող փողոցը բարեկարգի, որպեսզի իր մեքենաները մինչեւ քաղաքապետարան հասնելը հարթ ճանապարհով երթեւեկեն»,- մեր թղթակցին պատմել է սիսիանցիներից մեկը` հավելելով, որ փողոցի վերականգման աշխատանքներն ավարտելուց հետո, քաղաքապետն այն նկարահանել է եւ ցուցադրել տեղական հեռուստատեսությամբ, թե իբր քաղաքապետարանի ուժերով վերանորոգվել է Աղայան փողոցը:

Հակոբջանյանը միակ քաղաքապետը չէ, որն իր նախընտրական ծրագրից ընդամենը մեկ դրույթ է իրականացրել` ասֆալտապատումը, այն էլ` իր տնից մինչեւ քաղաքապետարան: Մեր թերթի սեպտեմբերի 8-ի համարում անդրադարձել էինք Վանաձորի Ռուսթավի փողոցին, որտեղ տարիներ շարունակ աննախանձելի իրավիճակ է: Մինչդեռ քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր բնակության գյուղ-թաղամասի (Ղշլաղ) ճանապարհներն ամեն տարի վերանորոգում է:

Ցավոք, այս մտայնությունը տիրում է ողջ երկրում: Յուրաքանչյուր մեկը թաղապետի, քաղաքապետի կամ գյուղապետի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացնելով` խոստանում է ժողովրդի պահանջները բավարարել, սակայն արդեն այդ պաշտոնում հայտնվելուց հետո ամբողջ ժողովրդից նրա տեսադաշտում մնում են սեփական տունն ու ընտանիքը, մեկ էլ` տնից աշխատավայր տանող փողոցը: Եվ սա արդեն դարձել է օրինաչափություն. այս սկզբունքը գերիշխում է անկախությունից ի վեր: Տպավորություն է ստեղծվում, թե մարդիկ պաշտոնի են ձգտում ու հասնում դրան` միայն սեփական սոցիալական պայմանները բարելավելու համար:

«Որ դառնամ քաղաքապետ, փողոցս եմ ասֆալտապատելու, մի հատ էլ խանութ դնեմ»,- մեր թղթակցին ասել էր վրդովված սիսիանցիներից մեկը: Դարձյալ նույն մտայնությունը:

Մարտի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, քննարկվել էին մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները, ամփոփվել էին 2010թ. կատարված աշխատանքներն ու 2011-ի անելիքները: Ելույթում նախագահը շատ դիպուկ բնորոշել էր. «Մարզերում է, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ` լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով, դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ: Սա տխուր իրականություն է»: Հանրապետության ղեկավարը նշել էր նաեւ, որ, իր պատկերացմամբ, մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, նրա հոգսերի կիսողը, նրա խնդիրները ներկայացնողը պետական ատյաններում, արդարության մթնոլորտ հաստատողը մարզում եւ, իհարկե, պետք է լինի նաեւ տեղական իշխանիկներին զսպողը: «Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաեւ ուզում եմ ասել, որ ձեզնից էլ որեւէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ: Այդ հոգեբանությունը պետք է բացառվի: Դուք պետք է դրա համար օրինակ հանդիսանաք»,- ասել էր նախագահը:

Ու լավ էլ հանդիսանում են: Նրանց օրինակին հետեւում են քաղաքապետները, վերջիններիս՝ գյուղապետները: Ու կառավարության հռչակած «մարզերի համաչափ զարգացման» ծրագիրը վերածվում է քաղաքապետների ու մարզպետների համաչափ զարգացման ծրագրի:

Երկու տարի առաջ այցելել էինք մեծ բանաստեղծի ծննդավայր՝ հայտնի Չանախչի գյուղ (այժմ՝ Զանգակատուն): Գյուղապետը, գյուղը բարձիթողի մատնած, վերանորոգել էր միայն գյուղապետարանի իր սենյակը: Սա է հենց նախագահի ասած տեղական իշխանիկի մտայնությունը: