Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն իր մրցունակությամբ 92-րդ տեղում է 142 երկրների շարքում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հրապարկած մրցունակության զեկույցի տվյալներով: Մեր երկրի մրցունակության այս ցուցանիշի մասին զրուցեցինք տնտեսագետ, ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:
-Պարոն Մինասյան, այս ցուցանիշը որքանո՞վ է դրական մեզ համար եւ որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:
-Ասեմ, որ ՀՏՖ-ն, որպես ազատականների ալյանս, որքան պետության դերակատարությունը տնտեսության կարգավորման գործում նվազ է, այնքան այդ երկրին մրցունակ է համարում: Եվ այս տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ Հայաստանի այդ գնահատականը, որովհետեւ մեզ մոտ ոչ միայն չափազանց ցածր է պետության մասնակցությունը ՀՆԱ-ում, այլեւ պետությունը չի կատարում իր հիմնական ֆունկցիաները: Եվ դրանով պայմանավորված` կարող է նաեւ Հայաստանի ցուցանիշը արհեստականորեն բարձր լինել:
-Այսինքն` այդ 92-րդ տեղն էլ դեռ բա՞րձր է մեզ համար:
-Անշուշտ: ՀՏՖ-ի այդ գնահատման բացասական մյուս կողմն այն է, որ եթե պետությունը ակտիվ քաղաքականություն է իրականացնում իր տնտեսության մեջ այս կամ այն ճյուղը զարգացնելու համար` թե պետական ներդրումների, թե որոշակի արտոնություններ տրամադրելու միջոցով, սա նույնպես բացասական է ազդում երկրի ցուցանիշի վրա: Եվ դատելով կառավարության անգործությունից, ապա կառավարություն վարքագիծը կարող է գնահատվել բավականին բարձր: Մինչդեռ մեր տիպի երկրների համար հակառակն է պետք դիտարկել. պետությունը որքան շատ մասնակցություն ունենա տնտեսության կարգավորման եւ մրցունակ ոլորտների ձեւավորման գործում, այնքան ավելի արագ երկիրը դուրս կգա ճգնաժամային վիճակից: Կառավարության իրականացրած երկարաժամկետ ծրագրերի դեպքում լուրջ դրական արդյունքներ չկան: Չի ստեղծվել այն բավարար հիմքը, որպեսզի Հայաստանը թե բնակչության կենսամակադրակի, թե ներդրումային քաղաքականության առումով առաջընթաց ունենա: Բայց կարճաժամկետ ծրագրերի տեսանկյունից` կառավարությունը արել է մի շարք ձեւական քայլեր, որոնք բերել են մրցունակության ֆորմալ առաջընթացի: Իսկ ձեւի հետ չկա բովանդակությունը:
-Օրինակ կբերե՞ք:
-Այո: Հարկերի հավաքագրումների քանակը ֆորմալ առումով նվազել է, բայց մյուս կողմից հարկայինը չի դադարեցրել իր բացասական վարքագիծը տնտեսվարող սուբյեկտի հանդեպ: Եթե նա առաջ ստուգում էր տասն անգամ, ապա հիմա քսան անգամ է ստուգում: Այսինքն` անընդհատ ճնշման տակ է պահում տնտեսվարողին: Այսօր մենք բազմաթիվ բողոքներ ունենք, որ հարկային մարմինների վարչարարությունն ավելի խստացվել է:
Մեկ այլ օրինակ բերեմ: Ասում են, թե հեշտացրել ենք բիզնես վարելու ընթացակարգերը: Բայց մեզ համար ավելի կարեւոր ցուցանիշ պետք է լինի այն, որ, օրինակ, 2011 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում 300 ձեռնարկություն դադարեցրել է իր գործունեությունը: Սա վկայում է բիզնես միջավայրն անառողջ լինելու մասին:
ՀՏՖ-ի գնահատումը հիմնված է հենց այս ձեւական փոփոխությունների վրա:
-Կա՞ն այլ վարկանշային կառույցներ, որոնք նաեւ բովանդակությունն են գնահատում:
-Կան շուրջ 15 տարբեր կառույցներ: Մեր խմբակցությունը 2011-ի պետբյուջեի վերաբերյալ տեսակետը ներկայացնելիս հղումներ է արել դրանց, այդ թվում նաեւ ՀՏՖ-ին: Մենք համարում ենք, որ, լինելով Սահմանդրությամբ հռչակված սոցիալական պետություն, պետք է վերցնենք այն կազմակերպությունների տված գնահատականը, որոնք սոցիալական տեսնակյունից են դիտարկում: Եվ մասնավորապես Սոցիալիստների միջազգային կազմակերպության տված գնահատականներով` Հայաստանը չափազանց ցածր ցուցիչ ունի, այսինքն` չի կատարում իր հիմնական պարտավորությունը` որպես սոցիալական պետություն: Եվ տնտեսական քաղաքականությունը չի բերում սոցիալական այնպիսի դրական փոփոխությունների, որ քաղաքացին զգա պետության աջակցող դերը:
-Նշեցիք, որ ՀՏՖ-ն գնահատում է պետության նվազագույն միջամտությունը տնտեսության կարգավորմանը, սակայն Ադրբեջանը, որտեղ, համաձայն տարբեր աղբյուրների, պետության միջամտությունը բավականին մեծ է, այս սանդղակում բավականին բարձր տեղում է:
-Ֆորմալ առումով ադրբեջանական պետությունը քիչ մասնակցություն ունի տնտեսության կարգավորման հարցում: Բիզնեսի վարման տեսակետից նրանք բավականին մեղմացումներ են արել: Սակայն, իհարկե, ոչ այն չափով ինչ Վրաստանում է: Եթե համեմատելու լինենք այս երեք երկրները, կտեսնենք, որ ձեւի եւ բովանդակության առումով առաջին տեղում Վրաստանն է, երկրորդում`Ադրբեջանը, երրորդում` Հայաստանը, քանի որ մենք չափազանց քիչ դերակատարաություն ենք տալիս բովանդակությանը:
-Եթե հաշվի առնենք ներկայիս միտումները, ըստ Ձեզ, հաջորդ անգամ Հայաստանն ի՞նչ ցուցանիշ կունենա:
-Ես կարծում եմ, որ եթե մեր կառավարությունը չփոխվի, մյուս տարի այդ ցուցանիշը ավելի բարձր կլինի: Բայց կկորցնենք Հայաստանի ներդրողների, աշխատողների վստահությունը պետության նկատմամբ: Մի օրինակ բերեմ, անցյալ տարի աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ այդ փոփոխություններից հետո աշխատողներն ավելի անպաշտպան վիճակում են հայտնվել, քանի որ պետության կարգավորիչ դերակատարությունը նվազել է: Սա ազատական ռեֆորմ է, բայց մեր երկրի համար դա վատագույն փոփոխություն է, քանի որ բերում է թե դեմոգրաֆիական խնդիրների, թե աշխատանքային իրավունքների ոտնահարման:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ