Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ մոսկովյան «Լուդինգ» ընկերության նախագահ Արթուր Վարժապետյանի կողմից կառավարությանը նվիրաբերված 6 ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺժ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, բարերարը, հյուրեր:
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանի խոսքերով` բարերարի կողմից նվիրաբերված ավտոմեքենաները կհատկացվեն սոցիալական ծրագրերի շրջանակներում։ Այս անգամ, ինչպես լրագրողներին ասաց նախարարը, մեքենաները առաջին խմբի հաշմանդամների համար չեն։ «Դրանք այլ կարգի մեքենաներ են, որոնց հատկացման հարցով կառավարությունը որոշում պետք է կայացնի»,- շեշտեց նա։
Նարինե Ասծատրյանի տեղեկացմամբ՝ Արթուր Վարժապետյանի հետ համագործակցությունը սկսվել է 2008-ից եւ արդեն 3-րդ անգամ է, ինչ բարերարը մեքենաներ է նվիրաբերում արցախցիներին։ «Արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամներին հատկացված մեքենաների գրեթե կեսը Արթուր Վարժապետյանն է նվիրաբերել»,- ելույթում նշեց սոցապնախարարը։
Բարերարն իր խոսքում, շնորհավորելով արցախցիներին հանրապետության հռչակման 20-ամյակի կապակցությամբ, հայտարարեց. «Մենք միշտ ձեզ հետ ենք»։ Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում նա նաեւ վստահեցրեց, որ բարեգործական ծրագրերը կշարունակվեն այսուհետ եւս։
Տեղեկացնենք, որ այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը բարերարին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով։
Yerkir.am-ի հարցին, թե կշարունակվի՞ Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամներին ավտոմեքենաների տրամադրման ծրագիրը, սոցապահովության նախարարը պատասխանեց, որ ծրագրի առաջին փուլն ավարտված է. մեքենաներ են տրամադրվել այն հաշմանդամներին, ովքեր ի վիճակի են վարել դրանք։ Թե ի՞նչ կարգի օժանդակություն կլինի ծրագրի երկրորդ փուլում, դեռ պարզ չէ։ Նախարարի խոսքերով` ներկայումս քննարկումներ եւ ուսումնասիրություններ են ընթանում, քանի որ կարծիքները տարբեր են՝ հաշմանդամներից ոմանք համարում են, որ իրենց մեքենան պետք չէ, իսկ մյուսները հակառակ կարծիքին են։