կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 10:56
Առանց Կատեգորիա

Արցախահայության հետպատերազմյան սերնդին

Արցախահայության հետպատերազմյան սերնդին

Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սի՛րտն է թաղած,

Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս…

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակմամբ ավարտվեց արցախահայության այն պայքարը, որը դժվար է ասել, թե քանի տարի առաջ էր սկսվել: Երե՞ք, երբ 1988 թվականի փետրվարյան վերազարթոնքի ժամանակ Ստեփանակերտից մինչև Երևան վանկարկվում էր «Միացում» բառը: Յոթանասո՞ւն, երբ արցախահայությունը տասնամյակներ շարունակ խուլ մի պայքար էր մղում կովկասյան ու մյուս բյուրոների՝ Արցախը Հայաստանից անջատելու որոշման դեմ: Երեք հարյո՞ւր, երբ հայոց պետականության պահպանված վերջին բեկորները եղող Խամսայի մելիքությունները սկսեցին անհավասար մի պայքար մղել Արցախ թափանցող ու նենգաբար երկրամասի սրտում հաստատվել փորձող քոչվոր ցեղերի դեմ:

Անկախ նրանից, թե քանի տասնամյակ կամ հարյուրամյակ տևեց այդ պայքարը, այն ավարտվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, որից հետո սկսվեց ազատությունը պաշտպանելու քսանամյա շրջանը, որն էլ իր հերթին, մինչև 1994 թվականի մայիսի 14-ը ազատությունը կռվով պաշտպանելու շրջանն էր, իսկ մինչև մեր օրերը ձգվող հաջորդող շրջանը՝ զենքով զինադադարը պաշտպանելու շրջանը: Քսան տարին բավական է պատմական իմաստավորման համար, եթե վերաբերում է արդեն պատմությանը պատկանող մի իրադարձության, սակայն շատ դժվար է բնորոշելը, եթե դա շարունակվող մի ընթացք է, առավել ևս՝ մեր կյանքին իր տառապանքն ու հերոսականությունը միախառնած ու հաղորդած ընթացք, որը մեզ պարտադրում է ամեն օրը սկսել ու ավարտել դիրքերից եկած ամփոփագրերով, որոնք անընդհատ հիշեցնում են մեծ ու փոքր տրամաչափերի տարբեր զինատեսակների գոյությունը ու որոշակի հաճախականությամբ դրանց կիրառումը մեր Հայրենիքի սահմաններում:

Ամեն մի իրականություն և պատմական իրավիճակ ունի իր սերունդը և այդ սերնդի անվանումը: 1988-ի սերնդին, սակայն, վիճակված էր մի քանի անվանում և բնորոշում ունենալ: 1988-1990 թվականներին նա ազատության սերունդն էր և 1991-ին դարձավ անկախության սերունդը, ապա մինչև 1994 թվականի մայիսը եղավ պատերազմի սերունդը, որ հետո դառնար զինադադարի սերունդը: Նրանք, ովքեր աչք բացեցին 1988-ին, նախ բնազդաբար ապրեցին իրենց ծնողներից փոխանցված լարմամբ ու սպասումով, ծնողների գրկում սեղմվեցին պարետային խուզարկությունների ու տեղահանությունների օրերին, ապա 1991 թվականին իրենց ծնողների հետ մենակ մնացին հակառակորդի դեմ, և սկսված պատերազմը եթե բեկեց նրանց ծնողների կյանքը, իրենց սկսվող կյանքն էլ գլխիվայր շրջեց, դարձնելով մի սերունդ, ով աշխարհին սկսեց նայել նկուղների՝ դեպ վերև բացված պատուհաններից: Մի սերունդ, որը իր առջև բացվող տեսարանով աշխարհի վրա զարմանալու և այն ընկալելու փոխարեն սկսեց զգուշանալ դիմացից եկող կրակոցներից ու պայթյուններից:

Մի սերունդ, որը կռիվ-կռիվ խաղալու փոխարեն խաղաղությունը երազեց: Մի սերունդ, ում համար կինոների սարսափներն իրականություն դարձան, իսկ մարդկային խաղաղ կյանքը՝ կինոյի ոչ իրական տեսարան թվաց: Մի սերունդ, որը մանկության գույների փոխարեն տեսավ գունաքողարկիչ համազգեստ ու տեխնիկա, մի կյանք, ուր գույնը կենդանի թիրախ էր, իսկ գունաքողարկումը՝ պաշտպանություն թիրախ դառնալուց: Ինչպես որ իրենց ծնողների համար էր անսովոր սկսված պատերազմը, նրանց համար էլ անսովոր դարձավ դրա ավարտը: Նրանք, սակայն, ի հաշիվ իրենց խեղված մանկության, իրենց աչքերով տեսան, թե ինչպես է նվաճվում ազատությունը: Ուսումնական այս տարում դպրոցն ավարտող սերունդն արդեն ծնվել է զինադադարից հետո: Այս սերնդի համար պատերազմը ե՛ւ անցյալ է, ե՛ւ ներկա: Անցյալ է մի ժամանակ բնակավայրերում պայթած արկերով և օդային ռումբերով, դպրոցական կրճատված պարապմունքներով, նկուղներն իջնելու փոխարեն տանիքները ելնելով: Պատերազմը Ձեզ համար անցյալ է Ձեր բնակավայրերից դեպ Ստեփանակերտ և այնտեղից Երևան ու Երևանից աշխարհին բացվող ճանապարհներին:

Պատերազմը, սակայն, ներկա է ոչ միայն զոհվածների չսպիացած կորստյան ցավերով, այլև գյուղամիջյան ճանապարհներից դեպ հանդերը տանելիս, որտեղից երևում են մեր ու հակառակորդի դիրքերը: Պատերազմը ներկա է խաղաղության առերևույթ հանգստի ներքին լարմամբ, ուր ամեն դիրքի ուղղությամբ արձակված կրակոցը արձագանքվում է ամբողջ սահմանի երկայնքով: Պատերազմը ոչ թե վերհուշ, այլ կենդանի մի արձագանք ներկա է ազատագրված բնակավայրերի ճանապարհներին՝ որպես խփված զինվորների հուշաքարեր և այնտեղ անշարժացած այրված զրահատեխնիկա: Պատերազմը Ձեր կյանքում ներկա է նաև մեր՝ ողջերիս ապրած կյանքի պատերազմական տարիներով:

Այսօր, ԼՂՀ անկախության հռչակման քսաներորդ տարեդարձի այս օրերին, կյանք եք մտնում Դուք, որ թեև չեք տեսել պատերազմը, սակայն ծնունդն եք պատերազմական սերնդի: Պատերազմական սերունդը Երևանից մինչև Ստեփանակերտ, Ճամբարակից մինչև Թալիշ գիտեր, թե որն է իր անելիքը և խնդիրները: Արդյոք նույնը գիտե՞ք Դուք, արդյոք Արցախին և մեր ողջ Մայր Հայրենիքին ունեք այն կապվածությունը, ինչ որ ձեր ծնողների սերունդը: Արդյոք Արցախ ու Հայրենիք բառերը Ձեր հոգում ևս առաջ բերո՞ւմ են այն զգացումը, որով զրահավորված ձեր ծնողները զրահատեխնիկայից առավել ամուր մի զրահ դարձան Արցախի պաշտպանության դիրքերում: Արդյոք Ձեզ համար ևս անկրկնելի մի տարբերություն կլինի՞ Մայր Արաքսի, Թարթառի, Խաչենագետի և աշխարհի մյուս գետերի միջև: Արդյոք Ձեզ համար ևս «Արարատի նման ճերմակ գագաթ չկա», և Քիրսի ու Մռավի նման ադամանդյա փայլ ուրիշ որևէ լեռ չունի: Արդյոք Դուք միայն ազատությա՞ն, թե՞ նաև ազատության պաշտպանության սերունդն եք: Այսօրվա հայկական իրականությամբ պայմանավորված տանջալից այս հարցերի շարքը դեռ կարելի է երկար շարունակել հաղթանակած ժողովրդի պատերազմական և հետպատերազմական սերունդների զուգահեռով: Դուք, սակայն, ինչ էլ որ պատասխանեք, իրական պատասխանը կերևա տասը տարի անց՝ ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման երեսուներորդ տարեդարձի օրերին:

Իսկ թե ինչպիսին կլինի այդ պատասխանը, մեծապես պայմանավորված է նրանով, թե գալիք այդ տարիներին որքանով Ձեր կյանքի անբաժանելի մասը կշարունակեն մնալ Արցախի ամեն քարն ու թուփը, ճանապարհն ու հանդամիջյան կածանը իրենց պատմական հիշատակներով ու դեռևս պատմություն չդարձած պատերազմական դրվագներով, և թե որքանով Ձեր կյանքը պատկերացնելի կամ անպատկերացնելի կլինի այս ամենի հավաքական ամբողջությունը եղող Հայրենիքով և Հայրենքի պաշտպանության գիտակցմամբ, կամքով ու վճռականությամբ:

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ