կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 11:38
Առանց Կատեգորիա

Մի՛ խանգարեք. թողեք մարդիկ աշխատեն

Մի՛ խանգարեք. թողեք մարդիկ աշխատեն

Կարեն Անդրեասյանն արդեն 6 ամիս է, ինչ մարդու իրավունքների պաշտպան է, եւ այս ընթացքում հասցրել է օգնել տասնյակ մարդկանց: Անդրեասյանը չի քողարկում նաեւ հանգամանքը, որ բացթողումներ նույնպես եղել են, որոնք, սակայն, ավելին անելու եւ շտապելու պառճառով են եղել: Պաշտպանը նշում է, որ իրեն ցավ է պատճառում այն, որ մարդիկ հաճախ խնդրի բուն իմաստը թողած` այն տեղափոխում են այլ դաշտ` տալով հարցին բոլորովին այլ երանգ: Կ. Անդրեասյանը 2012թ. հետ կապված արդեն իսկ ունի որոշ ցանկություն-ծրագրեր, որոնց իրագործումն էլ ավելի կնպաստ մարդու իրավունքների պաշտպանի դերի բարձրացմանը:

-Հիմնականում ի՞նչ խնդիրներով են ձեզ դիմում:

-Ամենաշատը մարդիկ բողոքում են դատական անարդարությունից, բողոքներ ունենք Երեւանի քաղաքապետի եւ, առհասարակ, քաղաքապետարանի գործունեության հետ կապված, ինչպես նաեւ ոստիկանությունից: Մենք առավել արդյունավետ ենք գործել մի շարք ուղղություններով. օրինակ` մարդկանց փաստաթղթերի հետ կապված հարցերում, ասենք` ոստիկանության անձնագրային բաժնի, կադաստրի կոմիտեի հետ, գույքային որոշակի իրավունքների հաստատման հետ կապված: Շատ ավելի արդյունավետ ենք աշխատել ՊՆ հետ, երբ մարդիկ դիմել են զորակոչի, ժամկետային ծառայությունից, զորացրվելու հետ կապված խախտումների դեպքերում: Հսկայածավալ գործեր ունենք, որտեղ մեզ մոտ արդյունավետությունը աճում է եւ մենք գնալով ավելի շատ ենք կարողանում մարդկանց օգնել: Բայց հետաքրքիրն այն է, որ երբ մենք կարողանում ենք օգնել մարդկանց, այլեւս դրա մասին հասարակությանը տեղյակ չենք պահում, քանի որ օրենքն ասում է, որ եթե սպառվել են բոլոր միջոցները մարդու խախտված իրավունքը վերականգնելու համար` նոր միայն կարող ենք հրապարակային հայտարարություն անել:

-Իսկ չհաջողված գործերը հիմնականում ո՞ր ոլորտին են վերաբերում:

-Չհաջողված գործերն այնքան են, որքան ես հայտարարություն եմ արել. Րաֆֆի Հովհաննիսյանի վրանի հարցը, հետո կրպակատերերի իրավունքների հետ կապված հայտարարություն արեցինք եւ վերջինը` ԿԳ նախարարության հետ կապված, որտեղ մենք համակարգային խնդիր էինք տեսնում, չնայած դրանք ինչ-ինչ մանր քննարկումների դետալ էին, բայց կա օրենսդրական բաց:

-Աշոտյանը հայտարարել էր, որ ՄԻՊ գրասենյակում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել:

-Ես հասկանում եմ, որ այդ բանավեճը, որ ԿԳՆ-ն ծավալել էր մեզ հետ, թերեւս վկայությունն է նրա, որ փոխարենը քննադատվի բուն խնդիրը, փորձում են վարկաբեկել գրասենյակը, փորձում են ինչ-որ իմաստով ծայրահեղ դրսեւորումներով խնդիրը իրավախախտումից, իրավական գործընթացից տեղափոխել քաղաքական, նույնիսկ կարելի է ասել` գռեհիկ բանավեճի դաշտ: Ես կարծում եմ, որ մեր գրասենյակի խնդիրները լուրջ են, բայց շատ ավելի լուրջ են մի շարք այլ կառույցների խնդիրները, այդ թվում եւ ԿԳՆ խնդիրները, որտեղ բոլորս գիտենք, թե ինչ որակի է կրթությունը եւ ինչքան կոռուպցիա կա: Բոլորիս խնդիրն է լուրջ եւ ինձ համար խնդիր է եւ ԿԳՆ խնդիրը, եւ մեր խնդիրը, եւ հուսանք, որ այս խնդիրները մարդկանց կբերի լուրջ քննարկման դաշտ, եւ չի բերի ցինիզմի, դեմագոգիայի եւ ինչ-որ անիմաստ հարձակումների դաշտ: Կուզեի ասել, որ կան պետական մարմիններ, որոնք հասկանալով մեր գործառույթը, մեզ ոչ թե օգնում են, այլ իրենք իրենց են օգնում` չխոչընդոտելով մեր աշախտանքին: Իսկ կան պետական մարմիններ, որոնք ընդամենը ամբիցիաների եւ սեփական հեղինակության մասին են մտածում եւ լինում է քննադատություն: Կան մարմիններ, որտեղ լավ խորհուրդը, ճիշտ քննադատությունն ասում ես, իրենք ուղղակի փորձում են վարկաբեկել քննադատողին, որն առողջ մթնոլորտ չի ձեւավորում հենց այդ մարմնում:

-Այս պահին ունե՞ք հայտարարություն:

-Մենք հայտնել ենք մեր մտահոգությունները, դիրքորոշումները, ցանկությունը, որ լինի մրցութային համապատասխան կարգեր, նոր անցկացվեն համանման մրցույթները եւ առաջարկել ենք չեղյալ հայտարարել մրցույթի արդյունքը. այս տրամաբանության մեջ այլեւս որեւէ հայտարարության խնդիր չունենք:

-Կա՞ն գործեր, որոնց հետ կապված կարելի է ասել, որ սպառվել են ձեր բոլոր միջոցները մարդու խախտված իրավունքը վերականգնելու համար:

-Մենք ունենք այդպիսի մի քանի գործեր, բայց քանի որ մեր բոլոր արձագանքները ցավով են ընկալվում, պետք է կոռեկտ լինել եւ շատ ուշադիր ուսումնասիրել ամեն մի դեպքն առանձին-առանձին: Ունենք դեպքեր, որոնք պատրաստվում ենք հրատարակել, քանի որ արդեն սկսում ենք համոզվել, որ սպառվում են միջոցները` ներքին աշխատանքի միջոցով արդյունքի հասնելու համար: Բայց հիմա հայտարարություն չեմ անի, քանի որ պետք է նախ ավարտուն տեսքի բերել դրանք:

՞ր խավն ավելի շատ ունի մարդու իրավունքների պաշտպանի կարիք:

-Բնականաբար, անապահով մարդիկ են մեզ ավելի շատ դիմում, չնայած այսպես ասելը սխալ կլինի, քանի որ լինում են նաեւ շատ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ, ովքեր չեն կարողանում արդարություն «ստանալ»: Բայց ապահոված մեր քաղաքացիներն ավելի մեծ հնարավորություններ ունեն` որակյալ փաստաբանների միջոցով կամ այլ ճանապարհներով իրենց խնդիրները լուծելու համար. անապահով խավն այս առումով ավելի խոցելի է: Բացի անապահովներից, մենք ունենք խոցելի խմբեր ուղղությունները` հաշմանդամներ, կանայք, երեխաներ, ազգային, կրոնական, սեռական փոքրամասնություններ, այսինքն` բոլոր ուղղություններով կան խնդիրներ: Վերջին շրջանում փորձում ենք կենտրոնանալ բռնության զոհերի հետ կապված խնդիրների վրա, քանի որ բռնության զոհ դառնում են եւ առանձին անհատների կողմից, եւ պետական մարմինների կողմից, ասենք` փակ հաստատություններում` զորամասերում, ազատազրկման վայրերում, ոստիկանության ազգային անվտանգության մեկուսարանում. հատուկ միջավայրեր կան, որտեղ ավելի պարարտ հող է ստեղծված մարդու իրավունքների խախտման համար:

-Արդեն 6 ամիս է, ինչ ՄԻ պաշտպան եք. 6 ամիսների ընթացքում ո՞ր գործն էր, որ Ձեզ ամենից ավելի մտահոգել է:

-Առաջնային են բոլորը, բայց թերեւս մեզ համար ձեռքբերում է հիվանդ սրտով տղայի փրկությունը, որին զորակոչել էին սխալ պայմաններում, օրենքի խախտումով եւ մենք կարողացանք վերադարձնել իրեն` փրկել կյանքը: Մենք ունենում ենք կյանքի փրկության դեպքեր եւ նամն դեպքեր ամեն օր կարող են լինել մեր աշխատանքում: Ինձ համար համակարգային դեռ շատ խնդիրներ են մնում չլուծված, քանի որ անհատական գործերում մենք շատ ավելի արդյունավետ ենք, բայց համակարգային փոփոխությունների իմաստով` մենք դեռ լուրջ անելիքներ ունենք:

-6 ամիսների ընթացքում ո՞րն է Ձեր ձեռքբերումը եւ բացթողումը:

-Ամենամեծ ձախողումն այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կապված մրցույթն էր եւ մրցույթի արդյունքները, որոնք այն չէին, ինչ-որ մենք սպասում էինք: Օրենքով հստակ սահմանված չէր, որ պետք է լիներ հրապարակային գործընթաց, բայց մենք ուզեցինք անել ավելին: Իսկ, ահա, ձեռքբերում կարելի է համարել, հասարակության մեջ նորովի ընկալումը այս գրասենյակի. չնայած ոմանք քննադատում են, ոմանք չեն սիրում, չեն հասկանում եւ ընդունում, բայց մենք սկսել ենք ցույց տալ նոր ռեսուրսներ եւ պոտենցիալներ: Կատարվել են նաեւ ներքին աշխատանքներ, եւ 3 անգամ աճել են դրական լուծված գործերը. սա լավագույն գնահատականն է մեր կիսամյակի:

-Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել ՄԻՊ-ի գրասենյակը տարեվերջին:

-Այս շաբաթ արդեն իսկ կլինի կիսամյակային հաշվետվություն: Մենք ունենք այդ պատկերացումները` ստրատեգիկ նպատակները, եւ այդ իմաստով ամենակարեւոր ձեռքբերումը կլինի լավ որակի արագ արձագանքման ծառայության ստեղծումը: 2011-ին միգուցե կունենանք մարզային գոնե մի քանի գրասենյակներ, ինչպես նաեւ կարեւոր է մեր համագործակցությունը ՀԿ-ների հետ. շուրջ 85 կազմակերպության հետ արդեն ունենք հուշագրեր: Կուզեի, որ մինչեւ 2012-ի հունվար ԶԼՄ-ների հետ մեր աշխատանքը լինի այն մակարդակով, որ ոչ թե մենք ստիպված լինենք անվերջ համոզել, արդարանալ եւ բացատրել, այլ իրենք պատկերացնեն, թե ինչ եւ ինչպես պետք է անեն այլ պետական մարմինները: Չէ որ հենց պետական մարմիններն են խախատումներ անում, մարդկանց կյանքի վրա լավ կամ վատ ազդում. մենք կողքից փորձում ենք ընդհանուր պատկերին մի կարեւոր կոմպոնենտ ավելացնել` մարդու իրավունքների պաշտպանություն:

-Որքանո՞վ են մարդիկ տեղյակ իրենց իրավունքների մասին եւ որքանո՞վ են այդ իրավունքները պաշտպանված:

-Մարդիկ շատ ավելի են տեղյակ, քան` պաշտպանված են նրանց իրավունքները: Կարծում ենք, որ մեր հասարակությունը իրազեկման եւ գլոբալ կրթության կարիք չունի, բավական բարձր է մարդկանց իրազեկվածության մակարդակը: Ճիշտ է, տեխնիկական տերմիններից տեղյակ չեն, բայց ունեն արդարության, իրավունքի ճիշտ պատկերացումները:

-Ասում են` եթե խախտվել է որեւէ մեկի իրավունքը, ուրեմն` մեկ այլ ոք թերացել է իր պարտականությունների կատարման հարցում:

-Դա միշտ այդպես է եւ թերացողը միշտ պետությունն է կամ պետական մարմինը: Այսինքն` եթե որեւէ մեկի իրավունքը խախտվել է, նույնիսկ մեկ այլ մարդու կողմից, նշանակում է` պետությունն իր պոզիտիվ պարտականության, այսինքն` նախօրոք այնպես անել, որ չխախտվի այդ իրավունքը, կատարման հարցում թերացել է: ՄԻՊ-ի գրասենյակը հաճախ ընկալում են պետության մաս, ճիշտ է, սա պետական հաստատություն է, բայց ամեն պետություն հասկանալով ինքն իր ուժը, իր ստեղծած խնդիրները` ստեղծում է նման մարմին, որ իր ստեղծած մարմնով իրենից պաշտպանի հասարակությանը: Այսինքն` այսօր ՄԻՊ գրասենյակը կոչված է պայքարելու համար պետական մարմինների դեմ, ինչը պետք է ծանր չտանեն պետական մարմինները, հասարակությունն էլ պետք է չզարմանա: Իսկ հիմա ձեւախեղված հարաբերություններ են, եւ լավն է այն ՄԻՊ-ի գրասենյակը, որը չի քննադատում, ցավեցնում, խնդիրներ չի բարձրացնում, եւ ակնկալիքները այսպիսին են` մեզ հանգիստ թողեք, որ մենք ապրենք այնպես, ինչպես ապրում էինք. այդ իմաստով` այս գրասենյակի դերի վերաիմաստավորման խնդիր կա:

-Եղե՞լ են դեպքեր, երբ ձեզ դիմել են իրենց խախտված իրավունքները վերականգնելու խնդրանքով, բայց պարզվել է` իրենք են թերացել պարտականությունները կատարելու հարցում:

-Լինում են մարդիկ, որ դիմում են ոչ իմ ոլորտով, այսինքն` եթե մարդը դիմում է այլ մարդու հետ կապված իր կոնֆլիկտի համար, մենք չենք էլ թողնում, որ իրենք պատմեն իրենց պատմությունը եւ մենք ստիպված են անվերջ բացատրել, որ ՄԻ պաշտպան, նշանակում է պաշտպան պետական մարմնից եւ պետական չինովնիկից:

-Իսկ նրանք, ովքեր ունեն «մարդուց մարդ» բողոք, ո՞ւմ դիմեն:

-Փաստաբանին, իրավաբանին, իրավախորհրդատուներին, ոչ մեզ: Մենք նման դեպքերում ընդամենն ուղղորդում ենք մարդկանց, մենք նույնիսկ մեր նոր կայքն ենք ձեւավորում, որտեղ հստակ գրել ենք` երբ մեզ չդիմել: Դա նրանից չէ, որ մենք ծուլանում ենք, այլ, որ օրենքը մեզ արգելում է զբաղվել որոշ գործերով:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ