կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-30 10:36
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Ղարաբաղցիները ազգային փոքրամասնությո՞ւն

ԱԶԳ. Ղարաբաղցիները ազգային փոքրամասնությո՞ւն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 23-ին նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հետ անհատական հանդիպմանը միտք էր հայտնել, որ տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է եւ կողմերը պետք է խիզախ քայլեր ձեռնարկեն բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման հասնելու համար:

Ղարաբաղյան խնդրին առնչվող ադրբեջանական «Զերկալո» թերթի հարցին ի պատասխան` նախ իր նախագահի խոսքն է հիշեցրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, ընդ որում, հարցազրույցի համար ընտրված պահը ենթադրել է տալիս, որ Բրայզան պետք է որ ասելիք ունենար: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի խոսքերով` Օբաման նույն այդ անհատական հանդիպմանն ընդգծել է, թե «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, նախկինի պես, դեռեւս կարող չեն ավարտելու հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, այդ իսկ պատճառով էլ խնդիրը մնում է ոչ կառուցողական ու վտանգավոր իրավիճակում»:

Բրայզայի փոխանցմամբ` Օբաման հունիսի 23-ին նաեւ մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության մեծացման առնչությամբ, առաջարկելով «խնդրի լուծման առավել խիզախ քայլեր ձեռնարկել»: ԱՄՆ աջակցությունը հայտնելով հակամարտության կարգավորման լուծման ուղղությամբ տարվող ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող նախկին համանախագահ Բրայզան, հիշեցնելով, որ Մինսկի խումբը աջակցում է հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը, ենթադրություն է հայտնել. «Հակամարտության լուծումը կողմերից փոխզիջումներ կպահանջի»:

«Մադրիդյան փաթեթը հիմնարար է: Այն բովանդակում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը նպաստող բոլոր անհրաժեշտ հիմնարար սկզբունքները»,- նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը` հիշեցնելով, որ մադրիդյան սկզբունքների հիմքը նույն հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն են «պետությունների տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներում ուժի չկիրառման եւ ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքների մասին»:

Վերջին միտքը թերեւս հերթական անգամ կարող է առիթ դառնալ Բրայզայի համար վերադառնալու իր իսկ կողմից բազմիցս կիրառված արատավոր պրակտիկային, երբ ասում էր մի բան, ապա հերքում` պարզաբանելով, թե իբր իրեն ճիշտ չեն հասկացել: Խնդիրն այն է, որ «ազգային փոքրամասնություն» տերմինն օգտագործելու պարագայում մադրիդյան սկզբունքներին քաջատեղյակ Բրայզան շատ ազատորեն է մեկնաբանում հելսինկյան եզրափակիչ ակտն ու նույն մադրիդյան սկզբունքները, քանի որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը փորձում է նույնացնել ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մաս չէ Ադրբեջանի, հետեւաբար` նաեւ չի կարող կոչվել ազգային փոքրամասնություն:

Իսկ որ Բրայզան չի հիշեցրել նաեւ ուժի սպառնալիքի չկիրառման մասին որպես ուժի չկիրառման սկզբունքի մաս, թերեւս վկայում է ադրբեջանամետ ամերիկացի դիվանագետի դիրքորոշման, այլ ոչ թե հելսինկյան սկզբունքներին չտիրապետելու մասին: Ամեն դեպքում, որպես Մինսկի խմբի համանախագահ, լավատեսության ժպիտներ շռայլող Բրայզան Ադրբեջանում կորցրել է լավը տեսնելու «պրոֆեսիոնալ դիվանագետի» ունակությունը: Նա կարծիք է հայտնել, թե տարիներ շարունակ ընթացող գործընթացը, «ինչպես երեւում է, այսօր ոչ մի դրական արդյունք չի տվել»: «Կողմերը միմյանց չեն վստահում, զիջումների ու փոխզիջումների չեն գնում, ինչով էլ խորացնում են խնդիրը»,- ասել է Բրայզան` հավելելով, որ եթե մոտակա ապագայում այդ հարցը չլուծվի, «այն կարող է երկարաձգվել ավելի երկար ժամանակով»: