կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-26 11:54
Սպորտ

Լոնդոն-2012. Սիոնից մինչեւ Թեմզա

Լոնդոն-2012. Սիոնից մինչեւ Թեմզա

Կարեւորագույն մարզական այս միջոցառումները դեռեւս այնքան մեծ իրարանցում չեն առաջացրել, որքան դրանց տարբերանշանները: Չէ՞ որ խոսքն արդեն միայն օլիմպիադային չի վերաբերում. տարբերանշանը ներկայացնում է այն կազմակերպող երկիրը, ինչն արդեն իսկ օլիմպիզմի գաղափարին դեմ է, որովհետեւ կամա թե ակամա քաղաքական բնույթ է հաղորդում ապաքաղաքական օլիմպիական խաղերին:

Առարկություններ շատ եղան, սակայն ամենաթեժն Իրանի Իսլամական Հանրապետությանն էր: Իրանը պաշտոնապես հայտարարել էր, որ դեմ է 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի տարբերանշանին: Ըստ նրանց` խաղերի տարբերանշանի վրա կարելի է կարդալ «Զիոն» (հայերեն` Սիոն), որն ասոցացվում է Երուսաղեմի հետ:

Ի պատասխան նամակի` ՄՕԿ-ը գրել էր. «Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի խորհրդանիշն ընդամենը 2012 թիվն է պարունակում եւ ոչ ավելին»:

Թվերը դիզայնավորված են, եւ վերեւի երկուսն էլ ներքեւինին նման չէ, սակայն եթե սա դիտենք, որպես ճաշակի յուրօրինակ դրսեւորում, ապա առաջին անգամ է օլիմպիական խաղերում, որ տարբերանշանի թվերը դիզայնավորվում են: Լոգոտիպերը պարունակում են սիմվոլներ, որոնք բնորոշում են տվյալ երկիրը (Անգլիան 1948-ին ներկայացել էր հանրահայտ Բիգ Բենի տարբերանշանով), այլ ոչ թե թվեր, իսկ թվեր պարունակում են գաղտնաբառերը: Այստեղից` գաղտնաբառը Zion` վերջին կանխատեսումը, որն արվել է Լոնդոն-2012-ի տարբերանշանի հետ կապված: Թողնելով մի կողմ մարդկանց կանխատեսումները՝ անդրադառնանք գործնական կողմին:

Այս լոգոտիպը մշակվել է Wolff Olins գործակալության կողմից: Ըստ որոշ տեղեկությունների` դիզայներների հոնորարը կազմել է 400 հազար ֆունտ: 2012-ի տարբերանշանն ասոցացվում է 2012 թվի հետ` արված բազմանիստի 4 ուղղությունով: Ձեւավորված «2» թվի մեջ տեղադրված է Լոնդոն բառը, «0»-ն օլիմպիական օղակներն է խորհրդանշում (12 թվի մասին ոչինչ չի ասվում): Անսպասելիորեն պարզվեց, որ տարբերանշանի մուլտիպլիկացիոն տարբերակը էպիլեպտիկ նոպաներ է առաջացրել: Այն մասին, որ տեսահոլովակն անբարենպաստ ազդեցություն է թողնում հոգեկանի վրա, հայտնել է տեղի հոգեբույժների կազմակերպությունը: Օլիմպիադայի մյուս աղմկահարույց կողմը մեդալներն են:

Լոնդոն 2012-ը, դեռ չմեկնարկած, լի է ինտրիգներով, լեգենդներով, հիմնավորված եւ չհիմնավորված դիտողություններով: Ամառային օլիմպիադաների մեդալները հստակ բովանդակություն ունեն, դրանց վրա հունական աստվածներն են պատկերված: Լոնդոնյան մեդալների դիզայներ Դեւիդ Ուոտկինսը տվել է սիմվոլները հասկանալու բանալիները: Աստվածուհին, որ պատկերված է մեդալի վրա, հունական Նիկե հաղթանակի աստվածուհին է, ով խորհրդանշում է հունական հողի վրա հավերժական թեւածող հաղթանակը: Մեդալի մյուս երեսի գծերը, որոնք լոգոտիպի տակ են, մասնակիցներին էներգիա եւ միասնություն հաղորդելու համար են: Խորհրդանշանի միջով անցնող տոնական ժապավենը անգլիական Թեմզա գետն է: Հարկ է նշել, որ մեդալները, ի տարբերություն լոգոտիպի, առավել հանգիստ ընկալվեցին մարդկանց կողմից:

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ