կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 14:03
Առանց Կատեգորիա

Հաքերներն այլեւս մեծ սպառնալիք չեն

Հաքերներն այլեւս մեծ սպառնալիք չեն

Մի քանի տարի առաջ Facebook գոյություն չուներ, իսկ այսօր այն շատերի համար տեղեկատվական անվտանգության տեսանկյունից գլխացավանք է դարձել: Մյուս գլխացավանքը կլինի Twitter-ը, որը դեռեւս մոդայիկ չէ մեզ մոտ: Առհասարակ, տեղեկատվական անվտանգության ոլորտում խնդիրները վերջնականապես լուծել հնարավոր չէ, քանի որ դրանք անընդհատ ավելանում են:

«Այսինքն` այս ոլորտում ասել, թե կոնկրետ այս խնդիրը լուծեցինք, անցնենք հաջորդին, հնարավոր չէ, քանի որ այն շատ հեղհեղուկ ոլորտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Սակայն, այնուամենայնիվ, որոշակիորեն կարելի է փոփոխություններ նկատել: Փորձագետը նշեց, որ մի քանի տարի առաջ հայկական ինտերնետային դաշտում ամենամեծ խնդիրը հաքերային հարձակումներից պաշտպանվելն էր. «Ես հիշում եմ դեպք, երբ կայքը ջարդել էին, եւ երկու ամիս Թուրքիայի դրոշն էր ծածանվում այնտեղ, իսկ կայքի տերը չգիտեր ինչ անել, որովհետեւ կայքը սարքել էր իր բարեկամը, ով գնացել էր խոպան ու կորել»:

Ներկայումս այդ խնդիրը որոշակիորեն լուծված է, նման զավեշտալի դեպքեր չեն պատահում: Պետական կառույցների կայքերը պաշտպանված են, իսկ մասնավոր ոլորտը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել կարեւոր այս հարցին: