կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 12:41
Առանց Կատեգորիա

Ծովինարում մացած գիժվանք եւ ծերեր

Ծովինարում մացած գիժվանք եւ ծերեր

«Մուո՜ւ»,- ահա առաջին բարեւը, որ ստացանք Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղ այցելելիս:

Գյուղում կյանքը խաղաղ է, եւ ինչպես մարդիկ են իրար օգնելով ապրում, այնպես էլ գյուղի անասուններն են իրար հենված սարից գոմ գնում: Ծովինարն ունի շուրջ 1800 ծուխ` 5280 բնակչով: Սակայն վերջին տարիներին գյուղում գրանցվել է տղամարդկանց արտագաղթ, ինչը պայմանավորված է, ինչպես եւ մյուս գյուղերում, աշխատատեղերի բացակայությամբ: 2010թ. մոտ 400 տղամարդ է արտագաղթել Ծովինարից, ինչի պատճառով էլ գյուղում գերանդիով արտ հնձող կին տեսնելը բնավ էլ զարմանալի չէ:

48-ամյա Ա.Գ.-ի ամուսինը 2010-ին Ռուսաստան մեկնողներից մեկն է, ով մինչ այդ զբաղվել է բանջարաբուծությամբ եւ կարողացել օրվա ապրուստը վաստակել: Սակայն քանի որ այս տարի նրանց աղջիկը պետք է բուհ ընդունվեր, ամուսինը ստիպված լքել է գյուղը:

«Միայն ուսման վարձը չէ, որ պետք է հավաքենք. տրանսպորտի փողը, գրքեր, տետրեր, սնունդ... Բայց մեզ համար խնդիր է նաեւ բնակվելու տեղը քաղաքում: Ճիշտ է, ունենք 1-2 բարեկամ, բայց այնտեղ աղջիկս կարող է մնալ ասենք` 1-2 շաբաթ, բայց ոչ 4 տարի. երեւանցիների հոգս ու դարդերն էլ քիչ չեն»,- ասաց Ա.Գ.-ն` հավելելով, որ ցանկալի կլիներ, որ նախարարությունը լուծեր շրջանների ուսանողների բնակարանի խնդիրը. «Դե, բալա ջան, հանրակացարանների մասին ինչ վատ բաներ ասես, որ չեն խոսում: Իմն էլ աղջիկ երեխա է, ինչի անունը դուրս գա»,- ասաց գեղջկուհին:

Գաղտնիք չենք բացի` ասելով, որ ծովինարցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ բանջարաբուծությամբ. գյուղի հողերում մեծամասամբ կարտոֆիլն ու կաղամբն են գյուղացիների ապրուստի միջոցն ապահովում:

Ծովինարի գյուղապետ Մհեր Մարտոյանը նշեց, որ խնդիրները կամաց-կամաց լուծում են: «Հիմնական խնդիրը ասֆալտն է. ունենք 1,5 կմ ասֆալտի կարիք: Նախկինում ունեինք մանկապարտեզ, որն արդեն 10 տարի է, ինչ չի գործում: Սակայն ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն արդեն իսկ զբաղվում է այս հարցով, եւ անգամ չափագրումներ են արվել»,- ասաց պարոն Մարտոյանը:

Գյուղն ունի նաեւ ոռոգման ջրի խնդիր, երբ «սարի ջուրը» հանկարծ մի թաղամաս չի մտնում կամ հանկարծ որոշում է հունը փոխել, գյուղացին մնում է առանց ոռոգման ջրի: Այս տարի կարկուտը վնասել էր նաեւ Ծովինարի արտերը` հիմնականում կարտոֆիլի «քոլերը»` մոտ 100 հա:

Գյուղացիները նշում են, որ Երանից մարդիկ են եկել գյուղ եւ խոստացել ինչ-որ փոխհատուցում, սակայն գյուղնախարարության մամուլի քարտուղար Քրիստինե Սուքիասյանը նշեց, որ փոխհատուցում չի իրականացվելու:

Երիտասարդները հիմնականում կամ գալիս են Երեւան` բարձրագույն կրթություն ստանալու եւ կամ էլ` մնում գյուղում եւ օգնում ծնողներին: Գյուղը չունի անգլերեն լեզվի մասնագետ եւ բուհ ընդունվելու համար անգլերեն լեզու պարապել ցանկացողները ստիպված են լինում գնալ մեկ այլ գյուղ:

«Գյուղացու թիվ մեկ խնդիրը հողն ու ջուրն է, իսկ ապրուստի միջոցը` աշխատանքը»,- իր խոսքը եզրափակեց Մարտոյանը:

Հովսեփ Հարությունյանը ավարտել է Երեւանի ճարտարապետական համալսարանի շինարարական բաժինը եւ 1993-98թթ. եղել է գյուղի երկու միջնակարգ դպրոցների հովանավոր: Հարությունյանի կինն ուսուցչուհի է, իսկ երկու երեխաները սովորում են բուհում: Հարությունյանի հավաստմամբ, իրենց վերաբերմունքով, մարդկությամբ եւ հյուրասիրությամբ ծովինարցիները Մարտունու շրջանի մեջ շատ են տարբերվում:

«Գյուղում խնդիր շատ կա. ես հույսս դրել եմ, որ երեխես անվճար անցնի, որ կարողանանք հասցնել. գյուղացու համար ուսանող պահելը հեշտ չէ: Իմ նպատակն այն է, որ այլեւս գյուղ չգան երեխաներս, այլ աշխատեն Երեւանում»,- ասաց Հ. Հարությունյանը` ավելացնելով, որ գյուղում «մացած գիժվանք եւ մացած ծերեր», մնացած բոլորը մեկնել են գյուղից:

Հարությունյանը նշեց, որ պետք է գոնե պարարտանյութի եւ սերմացուի գները իջեցվեն, քանի որ, եթե այսպես շարունակվի, գյուղացին գյուղում միայն ծաղիկ է մշակելու: «Վերջերս եմ պարարտանյութ գնել կարտոֆիլի համար` 50 կգ-ն արժե 8000 դրամ, իսկ 1 հա-ի համար անհրաժեշտ է 20-22 պարկ պարարտանյութ, կարտոֆիլի «քոլերին» պարարտանյութ տրվում է տարեկան 2 անգամ` 500-ական կգ-ով: Դե, դուք նստեք հաշվեք, թե գյուղացին որքան է վճարում միայն կարտոֆիլ «ստանալու» համար»,- ասաց Հ. Հարությունյանը:

Հաշվեք, մի զլացեք, իսկ վերջնական թիվը ստանալուց հետո հանգիստ խղճով կարող եք այն մոռանալ: Գների իջեցման մասին գյուղացիների խնդրանքը պատասխանատուների կողմից, միեւնույնն է, արձագանքի չի արժանանում։

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ