Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդին նահանգի Դերիք գավառում 1650 թ․ կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին հետևում են տեղի մահմեդական կին բնակիչները։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայության կայքէջը։ Աղբյուրը հայտնում է, որ այդ մահմեդական կանայք, հիշյալ եկեղեցին իրենց համար ևս սուրբ համարելով, մաքրում են եկեղեցու տարածքը և հետևում այն։
Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցու շենքը բռնագրավվել է թուրքական պետության կողմից, և այն տարիներ շարունակ օգտագործվել է տարբեր նպատակներով։ Երբ գավառի հայության թիվը վերստին սկսել է աճել, 1957 թ․ եկեղեցին վաճառվել է տեղի հայկական համայնքին։ 2004 թ․ վերականգնված եկեղեցին օծվել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից և վերաբացվել։ Սակայն քանի որ Դերիքում միայն 2 հայ էր բնակվում, եկեղեցին մնում է առանց ծխի։ Եւ այն տարիներ շարունակ խնամել է նույն թաղամասի բնակիչ Հաթուն Չաչուրը, ով, սակայն, հետագայում չի կարողացել շարունակել այդ գործը՝ ծերության և հիվանդության պատճառով։
Չաչուրից հետո, ըստ սկզբնաղբյուրի, եկեղեցուն դարձյալ տեղի բնակչուհիներն են տեր կանգնել։ Մասնավորապես Նեջլա Փիրսինը և իր դուստրը՝ Էմինե Փիրսինը, դարձել են եկեղեցու կամավոր խնամողները։
«Ամերիկայի ձայնի» թղթակցի հետ զրույցում 66-ամյա Էմինե Փիրսինը նշել է, թե սույն եկեղեցին սուրբ է նաև իրենց համար։ Նա հայտնել է, որ հնուց ի վեր լավ հարաբերություններ են ունեցել հայ հարևանների հետ, և որ իրենք ամեն ջանք գործադրու են եկեղեցու համար։ Փիրսինը նաև հավելել է․ «Մենք ևս այցելում ենք այդ եկեղեցին։ Դրա համար էլ զբաղվում ենք նրա մաքրությամբ։ Իմ ամբողջ գիտկցական կյանքում եկեղեցին այստեղ է եղել։ Հնում եկեղեցում շատ մարդ էր հավաքվում։ Մեր բոլոր հայ հարևանները հեռացան։ Եթե իրենց արձակուրդն այս կողմերում են անցկացնոմ, եկեղեցի էլ են այցելում։ Մենք ամեն ձևով ծառայում ենք այս եկեղեցուն, մեր ձեռքից եկածն անում։ Պարտեզն ենք մաքրում, ծառերը՝ ջրում, ներսը կարգի բերում և աշխատում մեր հնարավորությունների սահմաններում պահպանել այն»։
Գավառում մնացած վերջին հայը՝ Զաքարիա Սաբունջուն, միակ մարդն է, ով այստեղ է գալիս աղթելու։ «Ամերիկայի ձայնի» թղթակցի հետ զրույցում նա շեշտել է, որ տարիներ առաջ այստեղ 7 եկեղեցիներ են եղել, որոնցից միայն այս մեկն է մնացել։ Սաբունջուն հավելել է․ «Եկեղեցիների մի մասը տուն է դարձել, մի մասն էլ՝ ավերակի վերածվել, սակայն նրանց գտնվելու վայրերը հայտի չեն։ Եկեղեցիներից որոշ հատված մզկիթ է դարձել, մի որոշն էլ բանտի կամ դպրոցի վերածվել։ Միայն այս եկեղեցին է հայերիս ձեռքին մնացել․ այն ժամանակին գնել ենք գումարով։ 1915 թ․ դեպքերից (Հայոց ցեղասպանությունից-Ակունքի խմբ․) հետո պետությունը բռնագրավել է եկեղեցին, սակայն, երբ այստեղ համայնք է ձևավորվել, համայնքի անդամները միասին գնել են այն և վերանորոգել»։
Սաբունջուն նաև հաճույքով վերհիշել է հին օրերը և նշել․ «Քահանան Դիարբեքիրից էր գալիս, մնում էր մեր տանը, համայնքի անդամներն իմանում էիր դրա մասին, գալիս-այցելում նրան։ Եկեղեցի էինք հաճախում, օգնականը գալիս-աղոթում էր այնտեղ, համայնքը՝ հավաքվում։ Պատարագից հետո տուն էինք գալիս, հյուրեր ընդունում։ Ուտելիքներ էինք հյուրասիրում, թեյ-սուրճ խմում, զրուցում։ Երբ չմկրտված երեխաներ էին հավաքվում, նրանց կնունքի արարողությունն այստեղ էր արվում։ Բոլոր տոներն այդպես էին անցկացվում»։ https://www.amerikaninsesi.com/a/ermeni-kilisesi-musluman-kadinlara-emanet/6303267.html
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net