կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 11:56
Մշակույթ

Կայացավ Վահան Ազիբեկյանի հեղինակային «Ընդվզում» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան

Կայացավ Վահան Ազիբեկյանի հեղինակային «Ընդվզում» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան

2021 թ․ փետրվարի 17-ին «Մեգամոլ»-ի «Սինեմա Սթար» կինոթատրոնի դահլիճում Վահան Ազիբեկյանի առաջին՝ «Ընդվզում» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունն էր։

Միջոցառման սկզբում ֆիլմի հեղինակը ներկայացրեց ստեղծագործական կազմը՝ բարձր գնահատելով ֆիլմի ստեղծման հարցում նրա դերն ու նշանակությունը։

Խոսելով «Ընդվզում»-ի մասին՝ Վահան Ազիբեկյանը նշեց, որ թեման, որը սցենարի հիմքում է, պատահական չէ։ Երբեմն կերպարները, երբեմն հոգեվիճակները ոչ ամբողջությամբ, բայց իրական հիմք ունեն։

Պատմությունը պատերազմի մասնակից, ոտքի վիրավորում ստացած, կոշկակար, իր կրպակի ապամոնտաժման որոշման դեմ  պայքարող մոտ 60 տարեկան հոր մասին է, որի  որդին, հոր կամքին հակառակ, ցանկանում է պայմանագրային ռազմական հետախույզ դառնալ։

«Ընդվզում» ֆիլմում  ներկայացված են հոր և որդու կոնֆլիկտային հարաբերությունները, յուրաքանչյուրն ունի հիմնավորում և չի հասկանում դիմացինի հիմնավորումը, չնայած հայր և որդի ու նրանց ընտրած ուղին շատ չեն տարբերվում իրարից։ Այս թեման ներկայացվում է հիմնականում ենթատեքստում, իսկ առաջին պլանում հայրն է, որի կրպակը, նոր օրենքի համաձայն, պետք է ապամոնտաժեն, և որը չի հաշտվում այդ մտքի հետ ու, ի հեճուկս որդու հորդորների, պայքարում է։ Հենց այս պայքարի ընթացքում են բացահայտվում կերպարները և նրանց ներքին կոնֆլիկտները։

Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը հարցեր ուղղեց բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ Վահան Ազիբեկյանին։

Խոսելով հետագա պլանների մասին՝ Վահան Ազիբեկյանը նշեց, որ ֆիլմը թարգմանված է արդեն, և մոտ ժամանակներս կներկայացվի տարբեր փառատոնների։ Հեղինակը ավելացրեց, որ բազմաթիվ նոր գաղափարներ և ծրագրեր ունի, որոնք հերթով կիրականացվեն։

Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Վահան Ազիբեկյան

Բեմադրող օպերատոր՝ Անդրան Մանթաշյան

Բեմադրող նկարիչներ՝

Վահան Ազիբեկյան

Լուսինե Համբարյան

Կոմպոզիտոր՝ Անահիտ Մնացականյան

Հնչյունային ռեժիսոր՝ Վահագն Համայակյան

Դասախոս՝ Միքայել Աբրահամյան

Դերերում՝

Գեորգի Հովակիմյան

Դավիթ Գասպարյան

Տաթև Գրիգորյան

Գագիկ Հարությունյան