կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-15 10:26
Առանց Կատեգորիա

Նախագահը մասնակցել է "Թումո" կենտրոնի բացմանը (լուսանկարներ)

Նախագահը մասնակցել է "Թումո" կենտրոնի բացմանը (լուսանկարներ)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Հանրապետության ղեկավարի խոսքով` հայ երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումը և դրա հետևանքով մրցունակության բարձրացումը մեր երկրի կարևորագույն խնդիրներից է: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բնական քիչ պաշարներ ունի և պետք է նախ շատ զգուշորեն և խնայողաբար վերաբերվել այդ պաշարներին, երկրորդ՝ կարողանալ մտավոր ծառայություններ մատուցել և՛ մեր հասարակությանը, և՛ տարածաշրջանին, և՛ աշխարհին, ինչն անհնար է առանց այսպիսի կենտրոնների գործունեության:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոգևորված է կենտրոնի բացմամբ և վստահություն է հայտնել, որ ծրագիրն ունենալու է շատ կոնկրետ արդյունքներ և նշանակություն Հայաստանի համար: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեր և տիկին Սիմոնյանների աշխատանքը ոչ միայն շնորհակալության, այլ նաև խրախուսանքի է արժանի, որովհետև, բացի իր կիրառական նշանակությունից, այն նաև շատ լավ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են հաջողությունների հասնել իրենց ոլորտում և հիմա ժամանակն է, որ իրենց հաջողություններից մի փոքրիկ մասնիկ փորձեն կիսել հայրենիքի հետ:

«Թումո» կենտրոնում հանրապետության ղեկավարը հանդիպել է նաև ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը և Սերժ Թանգյանը խոսել են երգչի ստեղծագործական և հասարակական գործունեության մասին:

Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: Երգիչը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանում կկայանա System of a Down խմբի համերգը: Հանրապետության ղեկավարը Սերժ Թանգյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ և շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև «Թումո» կենտրոնի բացման առթիվ կազմակերպված համերգին: