ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` իշխանական կոալիցիայի անդամ պատվիրակներն առաջիկայում` երկխոսության ժամանակ, վերջապես կբավարարեն Հայ ազգային կոնգրեսի` արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջը: Ըստ իշխանական սցենարի` սկզբում կանցկացվեն նախագահական ընտրություններ, Սերժ Սարգսյանն առանց կեղծիքների կվերընտրվի իր պաշտոնում, որից հետո կլինեն խորհրդարանական ընտրություններ: Արդեն այս ընտրություններում, ըստ այս պահին իշխանական կուլիսներում քննարկվող սցենարի, Կոնգրեսը բավականին լուրջ ձայներ կհավաքի, որից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կառաջարկվի ԱԺ նախագահի պաշտոնը: Բայց միայն խորհրդարանում ստացած մանդատներով չի ավարտվի ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: Կոնգրեսի ներկայացուցիչները պորտֆելներ կստանան նաեւ ՀՀ կառավարությունում: Իսկ կհամաձայնի՞ այս սցենարին Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ, առայժմ դժվար է ասել: Բայց բոլոր ուղիները տանում են արտահերթ ընտրությունների: