կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-05 13:05
Առանց Կատեգորիա

Մի քիչ էլ Ձեր հաշվին ապրեք, էլի....

Մի քիչ էլ Ձեր հաշվին ապրեք, էլի....

 

Վերջին ` «Հաշվետվության համար նյութեր կան, և որքան ուզեք» հոդվածի հրապարակումից հետո հանդիպեցի իմ ծանոթ կինոգործիչներից մեկին , ով խորհուրդ տվեց չշարունակել հոդվածաշարը, քանի որ այն կարող է խանգարել թե' ինձ և  թե' իրենց:  «Ապրում ենք էլի, ուզածդ ի՞նչ է: Կարծում ես քո գրածով կկարողանաս ինչ-որ բան փոխե՞լ», - ալարկոտ արտաբերեց ծանոթս և, մատների արանքում ծխացող սիգարետից մի լավ ծուխ քաշելով, շարունակեց.  «Չես տեսնո՞ւմ,  ով հետո գալիս է ավելի վատն է լինում: Թող մենք մեր յուղի մեջ տապակվենք:  Քեզ ի՞նչ, թե փողերն ում են տալիս, ի՞նչ են նկարում: Ամեն մեկիս մի բան հասնում է, մի բան էլ իրենց է մնում: Ի՞նչ ես նստել գրպաններիս փողը հաշվում: Այդ ո՞ր ոլորտում է կարգ ու կանոն, որ մեր ոլորտից կպել ու պոկ չես գալիս»:

Ազդվել էի, չէի սպասում: Միամիտս, կարծում էի, որ հարցերի բարձրաձայնմամբ կօգնեմ ոլորտի ապաքինմանն  ու վերակենդանացմանը, բայց … Դուրս է գալիս , որ խանգարում եմ և դեռ շատերի «հացին էլ վայիս» եմ լինում: Որոշեցի, որ թեմային այլևս չեմ անդրադառնալու: Մի երկու օր հետո, երբ համակերպվել էի որոշմանս հետ,  հեռախոսազանգ հնչեց: Զրուցակիցս ինձ անծանոթ մեկն էր, ով առաջարկեց հանդիպել: Երիտասարդը ejouranl-ում կարդացել էր հոդվածս և որոշել էր հանդիպել ինձ հետ: Երկար զրույցից հետո նա ինձ ներկայացրեց ֆիլմերի մի ցուցակ և առաջարկեց փնտրել, գտնել և դիտել դրանք:  Ֆիլմերը  նկարահանվել են անցած տարի`  կինոկենտրոնի ֆինանսավորմամբ,  և զավեշտն այն է, որ դրանք նույնիսկ չեն ցուցադրվել որևէ հեռուստատեսությամբ, նույնիսկ` ԱԼՄ-ով: Բնականաբար, փնտրելն անիմաստ էր: Միակ տարբերակը կինոկենտրոնին դիմելն էր, բայց արդյո՞ք կինոկենտրոնը կցանկանար , որ այդ ֆիլմերը հանրության սեփականությունը դառնան: Ինչպես զրուցակիցս ասաց, ցանկից դուրս էլի ֆիլմեր կան, որ  մի կերպ «կուտվեն» , բայց սրանք նույնիսկ «կետչուպ-մայոնեզով չեն ուտվի»:  Հիմա նորից հարց է առաջանում` ո՞ւմ համար են նկարահանվում նման խաղարկային ֆիլմերը և ինչո՞ւ: Իսկ դրանք քիչ չեն: Ռեժ. Հակոբ Կոլյանի «Լուսանկարը», Արտակ Փայտյանի «Մենություն», Բագրատ Սիմոնյանի «Հիերարխիա», Սուրեն Ստեփանյանի «1362», Ամալյա Սարգսյանի «Երանելի խաբկանք», «Էռռոր», «Քամելեոն», Արթուր և Սերգեյ  Ուստյանների «Հոգիների ծնունդը» … Ֆիլմերի ցանկը կարելի է շարունակել , բայց ավելի անտանելի է երբ ֆիլմ նկարելու համար գումար են տալիս անսցենար նախագծի, ինչպես ասում են  «ծանոթի կարգով» : Կարծում եմ` վատ չեր լինի եթե մշակույթի նախարարության ազդեցությունից դուրս ստեղծվեր մի հանձնաժողով և այս ֆիլմերի պարտադիր դիտում կազմակերպվեր, որից հետո գուցե արժեր հարց տալ, ասենք` դատարանի դահլիճում. «Ե՞րբ եք հասկանալու, որ չի կարելի հարկատուներիս հաշվին  հարստանալ, վենետիկներում, փարիզներում բնակարան գնել, իսկ հետո ներկայանալ ասուլիսներին սրբի դիմակով և խոսել հազարամյա հայ մշակույթի ժառանգությունից»: Ո՞նց բացատրենք այս մարդկանց, որ մի քիչ էլ իրենց հաշվին ապրեն:  

Հարություն Հարությունյան

Այս շարքից նաև կարող եք կարդալ 

1.Ո՞ւմ համար է «Ոսկե Ծիրանը»

2.Հայկինոն Բերմունդյան եռանկյունում

3.Հաշվետվության համար նյութեր կան, և որքան ուզեք