Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Գազի ներտնային սպասարկմամբ «ԷՅ Ի ՋԻ» ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Հովսեփյանին երեկ զայրացրեց «Երկիր»-ի այն հարցը, թե ի վերջո ո՞վ է շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող այդ ընկերության սեփականատերը: «Ինչներիդ ա՞ պետք: Դա սպասարկման որակի հետ կապ ունի՞: Ինչի՞ եք քաղաքականացնում: Մասնագիտական է, բերեք մասնագիտական խոսենք, ես տեխնիկական գիտությունների թեկնածու եմ, բերեք մասնագիտական հարցերով խոսենք: Կարեն Կարապետյանը մասնակից ա՞, Հովսեփյանը մասնակից ա՞, ամոթ ա»,- զայրացավ նա:
Փոխարենը նա բավական մեծ ուրախությամբ ներկայացրեց այն «լայնածավալ» աշխատանքները, որ իրենց ընկերությունն է ներկայացնում. ասենք պատմեց, թե որքան խիստ են իրենք ներտնային սպասարկման փականագործների հետ, որ նրանք պարտավոր են ամեն օր լողանալ ու սափրվել, որպեսզի վրաներից քրտինքի հոտ չգա:
Անկախ փորձագետ Նվեր Սարգսյանը ներկայացրեց այս ոլորտում կատարած իր ուսումնասիրության արդյունքները, որոնք, սակայն, ընկերության ներկայացուցիչներին այնքան էլ հավաստի չթվացին: Նրանք կասկածի տակ առան անգամ Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տվյալները` տեղի ունեցած պայթյունների եւ թունավորումների հետ կապված: Նվեր Սարգսյանի համոզմամբ` ընկերության ներկայացրած տվյալները խիստ ուռճացված են: Ըստ այդմ, օրինակ, §ԷՅ Ի ՋԻ¦-ն մեկ տարում ավելի շատ թուղթ է ծախսում, քան 14 նախարարություններ միասին վերցրած: Կամ նյութածախսի համար հավաքվում է 145 մլն դրամ, մինչդեռ իրականում այդ նյութածախսը 5-6 մլն դրամից չի անցնում:
Իսկ երբ Աշոտ Հովսեփյանը նշեց, թե իրենց ընկերության շահույթն ընդամենը 150 մլն դրամ է, Նվեր Սարգսյանը հակադարձեց.«Ինչպե՞ս կարող է ընկերության շահույթը լինել 150 մլն դրամ, երբ ուղղակի հարկերը 240 մլն դրամ են»: Հովսեփյանն էլ, թե «շահույթն այլ բան է, հասույթըՙ այլ, եւ դա ընկերության հասույթն է, իսկ «ԷՅ Ի ՋԻ»-ին իր եկամուտներից նաեւ 500 մլն-ի ներդրումներ է կատարել»: Փորձագետը պնդեց, թե գազի ներտնային սպասարկման ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող ընկերության աշխատակիցները բավական թանկ արժեցող սպասարկումը որակով չեն իրականացնում: Ընկերության տնօրենի տեղակալ Մկրտիչ Ջալալյանն էլ պնդեց, որ իրենց մասնագետները պարբերաբար անցնում են ուսուցում, հանձնում մասնագիտական քննություն, իսկ ուսումնական կենտրոնի ստեղծման համար ծախսվել է 30 մլն դրամ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մոնիտորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշեց, որ այս ոլորտում ընկերությունն իրոք մենաշնորհային դիրք ունի: Բայց դրան այլընտրանք չունեն: Նա հիշեցրեց, որ մինչեւ 2005թ. գործում էին նման ծառայություն մատուցող մի քանի ընկերություններ, սակայն դրանից իրավիճակն ավելի լավը չէր: Նա նշեց, որ իրենք պատրաստ են քննարկել ցանկացած խելամիտ առաջարկություն, հասարակական քննարկումներ կազմակերպել սպասարկման որակի եւ գնի հետ կապված:
Այնուհանդերձ այստեղ էլ ընդունում են, որ 600 հազարից ավելի բաժանորդ ունեցող համակարգն անթերի լինել չի կարող:«Բայց ընկերության գործունեության պայմաններում ավելի հանգիստ ենք քնում»,- ասաց Բուդաղյանը:
Իսկ դժգոհություններ` գազի ներտնային սպասարկման հետ կապված, որքան ուզես: Օրինակ` Քանաքեռ-Զեյթուն համայնքում մի ամբողջ թաղամասում տեղադրված անվտանգության համակարգերը չեն գործում. սխալ են տեղադրված: «Մեզ ասացին, որ սխալ խողովակի վրա են դրել, որ իրենք կգան ու կուղղեն սխալը: Բայց արդեն մոտ մեկ տարի էՙ ոչ մեկն էլ չի եկել: Մենք էլ անջատել ենք սարքերը, հո չէինք կարող 3 րոպեն մեկ դրա ծվծվոցն անջատել¦,- գանգատվում են բնակիչները` նշելով, որ իրենք, այնուհանդերձ, վճարում են ներտնային սպասարկման համար: Նման իրավիճակ կա նաեւ Շենգավիթ համայնքում:
Ընկերության տնօրենի առաջին տեղակալ Մկրտիչ Ջալալյանը խորհուրդ է տալիս նման դեպքերում չվճարել եւ չստորագրել ոչինչ: Նա տեղեկացրեց, որ սարքերը պատկանում են Հայռուսգազարդին եւ հենց նրանք էլ պարտավոր էին շտկել սխալը: «ՀայՌուսգազարդ»-ից առհասարակ չհաջողվեց որեւէ տեղեկություն ստանալ այս առնչությամբ. հեռախոսազանգերին չէին պատասխանում:
Ի դեպ, ընկերության կատարած ծախսերի թվում Աշոտ Հովսեփյանը նաեւ նշեց, որ իրենք «փաստաբանների բանակ» են պահում, քանի որ պարբերաբար հայտնվում են դատական գործընթացների մեջ: Ստացվում է` բնակիչները վճարում են նաեւ իրենց իսկ հայցերի արդյունքում ընկերության դեմ հարուցված դատական ծախսերի համար:
Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ