կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 12:31
Տնտեսական

Forbes-ը պատվեր չի կատարել

Forbes-ը պատվեր չի կատարել

Forbes ամսագրի` մեր տնտեսությանը վերաբերող վարկանիշային գնահատականը մեծ իրարանցում առաջ բերեց, քանի որ մեր հասարակությունում կա օբյեկտիվ ինֆորմացիայի դեֆիցիտ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ներկայումս մարդիկ, երբ կարդում են իշխանամետ լրատվամիջոցները, «վարդագույն տեսարանների» են հանդիպում, իսկ երբ կարդում են ընդդիմադիր մամուլը թվում է, թե դժոխքում են ապրում:

«Օբյեկտիվ, անաչառ ինֆորմացիան օդի-ջրի պես անհրաժեշտ է կառավարման համար: Եվ ես վստահ չեմ, որ կառավարման բոլոր օղակներն ունեն ադեկվատ տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունենում, առավել եւս` դրա վերլուծությունը»,- ասաց նա:

Թ. Մանասերյանը հավելեց, որ եթե մենք չունենք ներքին անաչառ ռեյտինգային գնահատում, ապա ստիպված կախվածություն է առաջանում արտաքին գնահատումներից: Իսկ դրանք, որքան էլ հեղինակավոր լինեն իրենց ճանաչողական մակարդակով, չեն կարող հավասարվել տեղի փորձագետների կատարած լուրջ վերլուծություններին:

Ըստ նրա` վարկանիշային տարբեր գործակալությունների վարկանիշային սանդղակում ՀՀ տնտեսությունը տարբեր կերպ է գնահատվում եւ, ի տարբերություն Forbes-ի, ավելի բարվոք:

Սակայն տնտեսագետը չի կարծում, թե Forbes-ի հրապարակումը պատվերի կատարում է եղել. «Պատվերի գինն ինչքան էլ բարձր լինի, չի կարող տվյալ հեղինակի իմիջից թանկ լինել: Սա գուցե ճանաչողական ոչ բարձր մակարդակի արդյունք է, գուցե բանիմացության պակաս է կամ էլ միտում է, բայց պատվեր չէի անվանի»: