կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-13 18:14
Հասարակություն

Կրթական համաներում

Կրթական համաներում

Վաղը կավարտվեն 2011թ. գրավոր միասնական քննությունները` քիմիա առարկայով: Ի տարբերություն առաջին փուլի, որին հայտագրվել էր 1209 դիմորդ, երկրորդ փուլի քննություններին մասնակցել է 1486 դիմորդ:

ԳԹԿ հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանատու Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի ավարտական դասարաններ չլինելու պատճառով դիմորդների թիվը շատ քիչ է եղել, թեստերը կազմվել էին փոքր-ինչ ավելի թեթեւ: Սակայն այս տարի դիմորդների աշխարհագրությունը շատ մեծ է եղել: «Ունեցել ենք դիմորդներ Ջավախքից, ԱՊՀ տարածքից` Ուկրանիա, Ռուսաստան, Ղազաստան, ինչպես նաեւ Ռումինիայից, Իսպանիայից, Թաիլանդից, Հնդկաստանից, անգամ Իրանի Իսլամական Հանրապետությունից»,- ասաց Գ. Մանուկյանը:

Արդեն հայտնի են հայոց լեզու առարկայից քննության ամփոփիչ տվյալները. քննությունների երկրորդ փուլին մասնակցած դիմորդների միջին միավորը կազմել է 10,4 բալ, իսկ դրականի շեմը չի հաղթահարել մասնակիցների 16,8 տոկոսը` մոտ 127 դիմորդ, ամենաբարձր միավոր` 19 բալ, ստացել է 1 հոգի:

Ուշագրավ է հանգամանքը, որ հուլիսի 10-ին կայացած ֆիզիկայի քննությանը մասնակցած 235 դիմորդից դրականի շեմը չի հաղթահարել 80,43 տոկոսը, իսկ, ի զարմանս, միջին միավորը եղել է 5 բալ. ամենաբարձր միավոր ստացել է 1 հոգի` 16,75:

Այսօր անցկացված ռուսերենի քննության հայտ է ներկայացրել 141 դիմորդ, քննությանը չեն ներկայացել 14-ը: «Հիմնականում այս առարկայից քննություն են հանձնում Ջավախքից եկած մեր հայրենակիցները, ԱՊՀ երկրներից մասնակիցներ, ինչպես նաեւ հայաստանաբնակներ»,- ասաց քննական կենտրոնի ղեկավար Ալեքսան Եսայանը` հավելելով, որ այս առարկայից միավորները կլինեն առավել բարձր` նախորդ քննությունների համեմատ:

ԳԹԿ իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Սանթրոսյանը, ամփոփելով գրավոր քննությունները,` նշեց, որ դրանք ընթացել են բավականին հանգիստ:

«Մեզ անհանգստացրել է դիմորդների կրթական խիստ ցածր մակարդակը»,- ասաց նա` ավելացնելով, որ այն, ինչ կատարվեց, «կրթական համաներում» էր, որից, սակայն, դիմորդները չօգտվեցին: «Համաներում` հանրակրթության չարածի համար»,- պարզաբանեց Է.Սանթրոսյանը:

Նա նաեւ նշեց, որ հանրակարծությունն այսօր հիմնված է մեխանիկական հիշողության` վերարտադրության վրա, այլ ոչ թե տրամաբանության, ինչը, ըստ մասնագետի, մեթոդական լուրջ խնդիր է եւ լուծման կարիք ունի:

Ամփոփվել են նաեւ կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն առարկաների գրավոր քննության տվյալները: Ըստ այդմ` կենսաբանությունից միջին բալը եղել է 9,8-ը, դրականի շեմը չի հաղթահարել 233 դիմորդ, իսկ 3 դիմորդ ստացել է 20 բալ:

Ընդհանուր պատմության միջին բալը 9,38-ն է, իսկ դրականի շեմը չի հաղթահարել 14 դիմորդ:

Աշխարհագրություն առարկայի գրավոր քննության միջին բալը կազմել է 10,30-ը. 3 դիմորդ չի հաղթահարել դրականի շեմը:

Մաթեմատիկա առարկայի միջին բալն էլ կազմել է 6, 14-ը, իսկ քննությունից կտրվել է 597 դիմորդից 407-ը:

Անգլերենի միջին գանհատականը գրանցվել է 9,2 բալ, դրականի շեմը չի հաղթահարել 173-ը, իսկ ֆրանսերենի եւ գերմաներենի քննությունների միջին բալերը կազմել են, համապատասխանաբար, 10,46 եւ 9, 31: Ֆրանսերենի դրական շեմը չի հաղթահարել 21 դիմորդից 9-ը, իսկ գերմաներենինը` 47-ից 19-ը: