կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 17:43
Սպորտ

Ուիմբլդոն 2011. կանանց եզրափակիչից առաջ

Ուիմբլդոն 2011. կանանց եզրափակիչից առաջ

Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում հայտնված ուժեղագույն զույգի ֆունկցիանալ, ոճային նմանությունները պատկերացում են տալիս կայանալիք գեղեցիկ մրցելույթի մասին: Թենիսիստուհիներն այս մրցաշարում աշխատեցին իրենց ուժերի ներածին չափով. կար և' հարվածների ուժգնություն, և' գեղեցիկ կոմբինացիոն խաղ:

«Մեծ սաղավարտի» ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ խաղում կհանդիպեն ռուսաստանցի Մարիա Շարապովան և Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովան:

Կիսաեզրափակիչում Կվիտովան հանդիպել էր բելառուսցի Վիկտորիա Ազարենկոյի հետ։ Երեք սեթերի արդյունքում` 6։1, 3։6, 6։2 հաշվով չեխ թենիսիստուհին  առավելության  հասավ Ազարենկոյի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 44 րոպե։

Ավելի վաղ ռուսաստանցի Մարիա Շարապովան պայքարից դուրս էր թողել Գերմանիայի ներկայացուցիչ Սաբին Լիսիցկուն`  6:4, 6:3 հաշվով:

Ֆունկցիոնալ պատրաստվածություն

Այս մրցաշարում Կվիտովան 2 սեթ է հանձնել մրցակցին: Արդյունքում կորտում նա անցկացրել է 447 խաղային րոպե:

Շարապովան ոչ մի սեթում չի պարտվել, սակայն ավելի երկար ժամանակ է ծախսել` 482 րոպե:

Այնպես որ` հոգնածությունն այս պարագայում դեր չի խաղա:

Սկզբնահարվածներ

2 թենիսիստուհիներն էլ ուժգին հարվածների են տիրապետում: Կվիտովայի մաքսիմալ արագությունը հասնում է 181կմ/ժ-ի, Շարապովայինը` 178 կմ/ժ, մի փոքր ավելի արագ է ռուս մարզուհին: Սակայն արդյունավետության հարցում չեխ թենիսիստուհին գերազանցում է Մարիային: Իր սկզբնահարվածներով Կվիտովան հանձնել է մրցակցին 4 գեյմ, իսկ Շարապովան` 10-ը: Այս պարագայում մի փոքր առավելություն ունի չեխ թենիսիստուհին:

 Ակտիվություն

Կվիտովան այս մրցաշարում ավելի ակտիվ է: 6 հանդիպումներում նա 96 անգամ մոտեցել է ցանցին և 75 անգամ նրան հաջողվել է միավոր վաստակել: Շարապովան գերադասում է եզրագծին մոտ խաղալ: 42 անգամ է ցանցին մոտեցել, 34-ը հաղթական ելք են ունեցել:

Այսպիսով` Կվիտովայի ակտիվությունը 426-ից 214 է, Շարապովայինը 410-ից 140:

Փորձառություն

Այսպիսի մրցաշարերում մեծ դեր ունի փորձը: Այս մրցաշրջանում «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարում` Ռոլան Գարոսում, չնայած այն բանին, որ Շարապովան դժվար հարմարվեց հողածածկին, այնուամենայնիվ, հասավ եզրափակիչ փուլ, որտեղ զիջեց չինուհի Նա Լիին:

Իսկ Կվիտովան մինչ այս «Մեծ սաղավարտի» եզրափակիչում ելույթ չի ունեցել: Նրա լավագույն արդյունքը նախորդ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչն է: 5-ամյա պրոֆեսիոնալ կարիերայում  3 մրցաշար է հաղթել, անցկացրել է 150 հանդիպում:

Շարապովայի համար սա 5-րդ ելույթն է «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Առաջին անգամ նա 2004-ին` 17 տարեկանում է հաղթել Ուիմբլդոնը: 23 մրցաշար է հաղթել, որոնցից 3-ը` «Մեծ սաղավարտի», անցկացրել է 450 հանդիպում: 

Փորձն ու վարպետությունն այս դեպքում միանշանակ ռուս թենիսիտուհու կողմն են:

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Սա ընդամենը վիճակագրություն և կանխատեսում է, իսկ հաղթողը պարզ կդառնա եզրափակիչ մրցամարտում: