կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-29 17:13
Սպորտ

Ուիմբլդոն. կանխատեսումներ քառորդ եզրափակչի մասին

Ուիմբլդոն. կանխատեսումներ քառորդ եզրափակչի մասին
Բեռնարդ Տոմիչ - Նովակ Ջոկովիչ

Պաշտոնական ոչ մի հանդիպում չեն անցկացրել: Տոմիչն, անկասկած, այս մրցաշարի գլխավոր հայտնությունն է: 19-ամյա ավստրալացին կարողացավ հասնել «Մեծ սաղավարտի» ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ: Իհարկե, Տոմիչի նախորդ մրցակիցներին չես համեմատի աշխարհի 2-րդ ուժեղագույն թենիսիստի հետ. Ջոկովիչն այս առումով, ավելի կայուն, փորձառու և ուժեղ է:

Հանգամանքների նման դասավորության դեպքում առավելությունը տալիս ենք սերբ թենիսիտին: Բեռնարդին մնում է հակագրոհել և բաց չթողնել ոչ մի հնարավորություն:

 Ռաֆայել Նադալ- Մարդի Ֆիշ

Հանդիպել են 5 անգամ, ներառյալ` Ուիմբլդոնի և 1 անգամ էլ Queen's Club-ի շրջանակներում:

Նախորդ հանդիպումներից ելնելով` կարող ենք ասել, որ ոչ մի հիմք չկա կարծելու, որ Ֆիշը Նադալին «նեղություն կտա», ինչպես, օրինակ, պատահեց Դել Պորտոյի պարագայում: Այս մրցաշարի շրջանակներում Ֆիշն իր ակտիվում վատ արդյունքներ չունի. նախորդ մրցապայքարներում նա կարողացել է պայքարից դուրս թողնել բարձր վարկանիշ ունեցող թենիսիստների: Սակայն Նադալի դեմ անցկացրած մրցելույթներում միայն 1 սեթ է հաղթել:

Վերջին ելույթում Ռաֆան վնասեց ծունկը, սակայն դժվար թե դա նրան խանգարի հաղթել:

 Ռոջեր Ֆեդերեր- Ժո-Վիլֆրիդ Ցոնգա

Հանդիպել են 4 անգամ, սակայն միայն խոտածածկի վրա: 4 անգամ էլ առավելությունը շվեյցարացի, աշխարհի 3-րդ ուժեղագույն թենիսիստ Ֆեդերերի կողմն է եղել:

Իր կարիերայի ընթացքում ֆրանսիացի թենիսիստն առաջին անգամ է դուրս գալիս Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ: Նախորդ ելույթերում Ցոնգան բավական հաջող հանդես եկավ` հաղթելով իսպանացի Դավիդ Ֆերերին: Այդուամենայնիվ, չեմ կարծում, որ նրան կհաջողվի հաղթահարել թենիսի վարպետի արգելքը: 29-ամյա Ռոջերն այս մրցաշրջանը սկսել է փայլուն արդյունքներով` Ռոլան Գարոսում նա զիջեց Նադալին, սակայն ոչ պակաս վարպետություն և հմտություն ցույց տվեց: Վիճակագրությունը և փորձը Ֆեդերերի օգտին են:

 Էնդի Մարեյ- Ֆելիսիանո Լոպես

Հանդիպել են 4 անգամ, սակայն երբեք չեն մրցել խոտածածկի վրա: 4 անգամ էլ առավելությունը բրիտանացի Մարեյի կողմն է եղել: Այս մրցաշարում Լոպեսը վտանգավոր հակառակորդներ է ունեցել, հանձինս` Լուկաշ Կուբոտի և Էնդի Ռոդիկի:

Էմոցիաները Մարեյին կխանգարեն, սակայն վիճակագրությունը բրիտանացու կողմից է: 4 պաշտոնական հանդիպումներում իսպանացին միայն 1 սեթ է հաղթել:

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ