կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-23 21:35
Քաղաքական

Հուսով ենք` Կազանում պատասխանը կտրվի. Սերժ Սարգսյան

Հուսով ենք` Կազանում պատասխանը կտրվի. Սերժ Սարգսյան

Երեկ Ստրասբուրգում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որում խոսել է ԼՂ հարցի կարգավորման մասին: Հարցազրույցը ներկայացված է ստորև:

- Վերջին ամիսներին Հայաստանի պետական այրերը, մասնավորապես` արտգործնախարարը միանգամայն լավատեսական կանխատեսումներով են հանդես եկել Կազանի առաջիկա հանդիպման վերաբերյալ: Նշանակո՞ւմ է, արդյոք, դա, որ Դուք պատրաստ եք զիջումների՝ չնայած այդպիսի որոշում կայացնելը ձեզ համար հեշտ չէ, ինչպես Դուք նշեցիք չորեքշաբթի ԵԽ-ում Ձեր ելույթի ընթացքում:

- Լավատեսությունը հրաշալի որակ է, բայց անձամբ ես նախընտրում եմ լինել կառուցողական և պետք է ասեմ, որ իմ ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն: Դուք խոսում եք զիջումների մասին, սակայն մենք բացարձակապես դեմ ենք միակողմանի զիջումներին: Մեզ հետաքրքրում են փոխադարձ զիջումները: Իսկ մեր իրավիճակի յուրահատկությունն այն է, որ մենք զիջման պետք է գնանք մի պետության, ժողովրդի, որն առիթ է փնտրում մեզ վրա կրակելու համար: Ինչպես ես նշել եմ ԵԽԽՎ-ում իմ ելույթում, Եվրոպայի խորհրդի Ռասիզմի դեմ հանձնաժողովը վերջերս իր զեկույցում ընդգծել էր, որ Ադրբեջանում ծայրահեղ զարգացած է հայատյացությունն ու ռասիզմը, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին:

- Դուք ասում էիք, որ հնարավոր չէ մշակել խաղաղ համաձայնագիր առանց Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման իրավունք տրամադրելու: Սակայն Ադրբեջանը չի ցանկանում ընդունել հենց դա։

- Եթե Ադրբեջանը չի համաձայնում ինքնորոշման գաղափարի հետ, ապա ինչպե՞ս կարող են այդ երկրի իշխանությունները հայտարարել, թե բանակցությունները շարունակելու և խնդրի լուծման ուղիները որոնելու համար մտադիր են հենվել Մադրիդյան սկզբունքների վրա: Հիշեցնեմ, որ այդ փաստաթուղթը ենթադրում է երեք սկզբունքների կատարում՝ ուժի բացառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Եվ այս սկզբունքների հիմքում ոչ միայն հայկական կողմի առաջարկություններն են: Այնպես որ, ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ Ադրբեջանը երկար տարիների ընթացքում բանակցություններ է վարում մի փաստաթղթի շուրջ, որի կետերից մեկը չի ճանաչում:

- Սակայն եթե ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը հիմնական դրույթներից է, իսկ Ադրբեջանը դրան համաձայն չէ, ստացվում է՝ պետք չէ՞ Կազանում համաձայնություն, առաջընթաց ակնկալել։

- Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ուղղակի հայտարարի, որ դեմ է հանդես գալիս Մադրիդյան համաձայնագրի երկու կամ գոնե մեկ դրույթին։ Կամ էլ միջազգային հանրությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ինքնորոշման իրավունքը։ Այդ դեպքում վերջին տասնամյակների ողջ ջանքերն ի չիք կդառնան։ Եվ հետո, ինքնորոշման իրավունքը չճանաչելու դեպքում ինչպե՞ս բացատրել տասնյակ նոր պետությունների ստեղծումը, դրանց ինքնորոշումը։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել հենց վերջերս Կոսովոյի անկախության ճանաչման փաստը։ Ես ցանկանում եմ նաև հիշեցնել, որ Ադրբեջանում գոյություն ուներ մեծ մասամբ հայերով բնակեցված նաև մեկ այլ շրջան՝ Նախիջևանը։ Սակայն խորհրդային և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում իրականացվեց այդ ինքնավարության հայաթափումը, և այսօր այնտեղ ընդհանրապես գործնականում հայեր չկան։

- Դովիլում «Մեծ ութնյակի» վերջին հանդիպման ժամանակ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հայտարարեցին խնդրի «անհապաղ» կարգավորման անհրաժեշտության մասին։ Ձեզ չի՞ թվում, որ միջազգային միջնորդները մի քիչ հոգնել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե քանի տարի է ձգվում այդ փակուղային իրավիճակը։ Վերջերս Մինսկի խմբի համանախագահները նկատեցին, որ Կազանի միջոցառումը «վերջին հնարավորությունն է»` համաձայնության հասնելու համար...

- Ոչ, ինձ չի թվում, որ միջազգային հանրությունը հոգնել է։ Նրանք Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից պահանջում են վերջնական պատասխան։ Նրանք ցանկանում են հասկանալ՝ արդյոք շահագրգիռ կողմերը պատրա՞ստ են փնտրել լուծում՝ հիմնվելով վերոնշյալ սկզբունքների վրա։ Նրանք մեզ ասում են՝ «ասեք, վերջապես, «այո» կամ «ոչ», այլևս մի' հապաղեք»։ Մենք հուսով ենք, որ պատասխանը կտրվի կազանյան հանդիպման ժամանակ։