Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիան կառավարության կողմից սուբսիդավորվելու է մինչև խորհրդատվության ավարտը, ոչ թե մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը: Ուշագրավ է, որ մինչ այդ հայտարարվում էր, թե սուբսիդավորումը կատարվելու է մինչեւ ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության պատրաստ լինելը: Հիմա հարցեր են առաջանում՝ որքա՞ն են տեւելու խորհրդատվական մարմնի աշխատանքները, այն ավարտվելու է ավելի շո՞ւտ, քան ՀԷՑ-ում կավարտվի աուդիտը, թե՞ ավելի երկար է ձգվելու:
Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները Yerkir.am-ը փորձել է ստանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանից:
Խոսելով խորհրդատվական մարմնի` ինչ լինելու մասին` Բաղրամյանը նախ ընդգծեց, որ խոսքը ոչ թե նոր ստեղծված մարմնի մասին է, այլ միջազգային լավագույն խորհրդատվական մարմնի, որը մեծ ճանաչում ունի` հինգ լավագույն ընկերություններից մեկն է:
«Մենք կառուցել ենք տեխնիկական առաջադրանքը, որը համահունչ է նախագահի ասածին, այսինքն` պատասխանել հարցին` արդարացվա՞ծ է, արդյոք, սակագների բարձրացումը, թե՞ ոչ, հետազոտել էլեկտրաէներգետիկայի ամբողջ շղթայի գնագոյացման գործընթացը` արտադրող կայանից սկսած` մինչև սպառող: Եվ մյուս հարցն այն է, թե ի՞նչ կլինի, եթե սակագները չբարձրացվեն: Սա աշխատանքի առաջին փուլն է: Երկրորդ փուլում սակագների օպտիմալացման վերլուծությունն է, թե ինչ տարբերակ կարող են առաջարկել` սակագներն ավելի օպտիմալացնելու համար: Եվ երրորդը ռազմավարական երկարաժամկետ ծրագրի մշակումն է: Այս տեխնիկական առաջադրանքը ներկայացվել է լավագույն խորհրդատվական հնգյակին և ընտրվել է գնային առաջարկին լավագույնս համապատասխանող խորհրդատվական ընկերությունը»,- պարզաբանեց Բաղրամյանը եւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ ՀԷՑ-ի աուդիտի հետ սա բացարձակապես կապ չունի:
Ըստ նրա` հենց այս խորհրդատվական մարմնի աշխատանքից հետո էլ հայտնի կդառնա՝ սակագնի թանկացումն արդարացվա՞ծ էր, թե՞ ոչ: «Այս մարմինն է տալու նախագահի բարձրացրած հարցերի պատասխանները»,- ընդգծեց ՀԾԿՀ պաշտոնյան:
Պարզվում է՝ ընդհանուր գործընթացը տեւելու է 19 շաբաթ, առաջին փուլը կտեւի 6 շաբաթ, դա առավելագույն ժամկետն է, երկրորդ փուլը՝ 7 շաբաթ, երրորդ փուլը` 6 շաբաթ: «Առաջին փուլն արդեն կտա այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք սակագնի բարձրացումն արդարացված է»,- նշեց Բաղրամյանը:
Մեր դիտարկմանը, որ, փաստորեն, մինչ այժմ բնակչությունը սխալ պատկերացում է ունեցել էլեկտրաէներգիայի սուբսիդավորման մասին` կարծելով, որ այն կապված է ՀԷՑ-ի աուդիտի ավարտի հետ, Բաղրամյանը պատասխանեց, որ ՀԷՑ-ի աուդիտը ուրիշ հարցերի է պատասխանում՝ մենեջմենթի ու կառավարման վերաբերյալ հարցերի:
«Ստացվում է` վեց շաբաթից, այսինքն` մեկուկես ամիս անց՝ հոկտեմբերի կեսերին, կհայտարարվի, որ կա\'մ արդարացված է սակագնի բարձրացումը, կա\'մ` ոչ, եւ անկախ արդյունքներից` սուբսիդավորումն այսքանով կավարտվի՞» հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ ՀԷՑ-ի աուդիտը չի կարող պատասխանել հարցին` սակագները ճի՞շտ են հաշվարկված, թե՞ ոչ, աուդիտը ցանցի ուժեղացմանն է նպաստում: Իսկ սակագնի վերաբերյալ հարցերի պատասխանները, այո, պետք է տա մեր հանձնաժողովի արած հաշվարկների վերլուծությունը»: