Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ հաշվի ենք առնում, որ մեծ քաղաքականությունում մանրուքներ չեն լինում, ապա մանրուք չէ նաեւ այն հանգամանքը, որ երեկ Կազանի Կրեմլում, որտեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ընդունել էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` պատվիրակություններով, դիմելով ադրբեջանական պատվիրակությանը Մեդվեդեւն ասել է. «Կարող եք ժպտալ, այստեղ լրագրողներ են...»:
Այժմ` մանրուքներից տեղափոխվենք իրականություն, իսկ իրականությունն այդ` «տապալված» Կազանն է: Կողմերը` նախագահներն արտգործնախարարների հետ միասին, երեք ժամից ավելի տեւած բանակցություններից հետո, որը Մեդվեդեւը սկսեց. «Որպեսզի հասնենք արդյունքի, պետք է իրար մոտ լինել» արտահայտությամբ, հանդես եկան ընդամենը հետեւյալ հայտարարությամբ. «Երկրների ղեկավարները փոխըմբռնում արձանագրեցին մի շարք հարցերի շուրջը, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների ընդունման համար նախադրյալների ստեղծմանը»:
Նույն փաստաթղթի համաձայն` հանդիպման մասնակիցները քննարկել են հիմնարար սկզբունքների համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքների ընթացքը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներին` «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի ներդրած ջանքերը:
Այժմ, եթե վերհիշենք, թե ինչ ակնկալիքներ կային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում, եվրոպական տարբեր ատյաններում այս հանդիպումից, եւ նորից վերընթերցենք այս հայտարարությունը, ապա միանշանակ է` Կազանը կա'մ «հաջողված գովազդային արշավ էր», կա'մ կողմերից մեկի ոչ կառուցողականության դրսեւորում: Ու, ամենայն հավանականությամբ հենց այն կողմի, որը «ժպտում է այնտեղ, որտեղ լրագրողներն են»:
Բացի այդ, չմոռանանք, որ Ալիեւ կրտսերը, ընդամենը Կազանի հանդիպման նախորդ օրը` «Եվրոնյուզին» տված հարցազրույցում շեշտեց, որ իր երկիրը չի պատրաստվում որեւէ բան տալ «իր երկրին պատկանող» տարածքը վերադարձնելու դիմաց. սա փաստացի արդեն հուշում էր` Կազանում բանակցություններն անհաջողության են դատապարտված, ու հենց` Բաքվի կողմից, որտեղ հիշեցնենք` հունիսի 26-ին, ադրբեջանական բանակը զորահանդեսի ընթացքում ամբողջ աշխարհին կցուցադրի իր ողջ «հմայքը»: