կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 16:35
Քաղաքական

Հայկական կողմը խնդիրներ չունի

Հայկական կողմը խնդիրներ չունի

ԵԽԽՎ-ում  Սերժ Սարգսյանի ելույթից հետո, նրան հարց է ուղղվել, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Կազանում սպասվող հանդիպման ժամանակ ի՞նչը կարող է հետ պահել Հայաստանին համաձայնություն չստորագրելուց։

Սերժ Սարգսյանը նշեց, որ որեւէ խնդիր հայկական կողմը չունի, մենք բազմիցս նշել ենք, որ Մադրիդյան սկզբունքները հնարավոր են դարձնում հարցի արդարացի լուծումը: Նա հիշեցրել է, որ հիմնական սկզբունքները երեքն են` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում:

«Խնդիրն այն է, որ մենք այդ սկզբունքները հասկանում ենք այլ կերպ, ադրբեջանցիները՝ մեկ այլ։ Բոլորիդ էլ հայտնի  է, որ մանավանդ վերջին տարիներին Ադրբեջանն իր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների բերանով հայտարարում է, որ խնդրի լուծմանը պատրաստ է ռազմական ճանապարհով։ Շատ խորաթափանց պետք չէ լինել՝ հասկանալու, որ առաջին սկզբունքը խախտել է ադրբեջանական կողմը։ Երկրորդը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, Հայաստանն ընդունել է, ընդունում է և ընդունելու է։ Հայաստանի կառավարությունը երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել, նաև հայտնի է, որ այսօր ՀՀ-ն դեռ չի ընդունել ԼՂՀ անկախությունը։ Երրորդը՝ ազգերի ինքնորոշումը, հասկանալի, ընկալելի և ընդունելի է նաև այն պատճառով, որ վերջին 20 տարում հենց այս սկզբունքի հիման վրա մի քանի տասնյակ պետություններ անկախացան»,- հայտարարել է նախագահը։

Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ որ երրորդ սկզբունքի վերաբերյալ ադրբեջանցիները տարակարծություններ ունեն. «Նրանք պնդում են, որ ազգերի ինքնորոշումն ընդունում են, բայց կոնկրետ դեպքում՝ Ղարաբաղն ինքնորոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»: