Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացը սառեցվել է բացառապես արտաքին լծակների ազդեցության ներքո. այսօր հրավիրված մամլո ասուլիսում տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա բնորոշմամբ` Հայաստանը դարձել է խաղադաշտ, որտեղ բոլորը մուտք են գործում եւ, ներքին կնճիռներն օգտագործելով, ինչ-ինչ խնդիրներ են այստեղ լուծում:
«Ես չեմ կարծում, որ որեւէ մի կողմ կարող էր խնդիրը հասցնել հանձնաժողով ստեղծելուն, եթե չլիներ երաշխավորված գործընթաց: Սա կարող է լինել միայն մի դեպքում, երբ արտաքին որեւէ խնդիր է առաջացել, որի հետեւանքով ստիպված են եղել սառեցնել, քանի որ այս գործընթացը ինչ-որ մի արտաքին կողմ իր համար դիտել է վտանգավոր, եւ կարելի է կռահել, թե որ կողմն է եղել»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ այդ գործընթացի իրական կնքահորը դժվար չէ որոշել, «որովհետեւ ԱՄՆ-ի ուղեկցումն այս գործընթացին ակնհայտ երեւում էր»:
Խոսելով ներքին զարգացումների մասին` Ա. Մանուչարյանը նկատեց, որ շատ բուռն քաղաքական աշուն է սպասվում, եւ Հայաստանում կարող են քաղաքական նոր որակներ ձեւավորվել:
«Քաղաքացիական դաշտում հասունանում են լրիվ այլ տիպի անձնավորություններ, խմբեր, գործընթացներ, եւ ես կարծում եմ, որ շատ շուտով իշխողները կլինեն նրանք: Ես կարող եմ նշել մեծ քանակով ինտելեկտուալ խմբեր ինտերնետում, որոնք հիմա բանավեճերի մեջ են: Շատ հետաքրքիր նորույթ է, ասենք` «Սարդարապատ» խումբը, որը ստանդարտ քաղաքական դաշտին չի պատկանում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ»-ին, Մանուչարյանը նկատեց. «Թե իրենցից ինչ կներկայացնեն «Ազատ դեմոկրատները», կյանքը ցույց կտա: Ես այժմ չեմ կարող որեւէ կոնկրետ գնահատական տալ: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ դա պառակտում է, կամ նման մի բան, ապա ես կարծում եմ, որ բաժանման մեջ կարող են լինել ե'ւ դրական, ե'ւ բացասական պրոցեսներ. եթե այն մարդիկ, ովքեր իրար հետ աշխատել չեն կարող, առանձին կազմով սկսում են գործել ի նպաստ երկրի, դա կարելի է բարելավում համարել»: