կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-11 22:31
Հասարակություն

Էս սարն իմն է...

Էս սարն իմն է...

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ծանուցագրեր է ուղարկել Ազգային եւ Երաժշտագիտական գրադարանների տնօրեններ Դավիթ Սարգսյանին եւ Գուլիկո Նահատակյանին ու տեղեկացրել, որ նրանց` հունիսի 17-ին լրացող աշխատանքային պայմանագրերը չեն թարմացվելու:

Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող 13 գրադարանների տնօրենների պաշտոնավարման ժամկետը լրանում է նույն օրը, բայց չեն երկարացվելու նշված երկուսի պայմանագրերը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը «Երկիր»-ի հետ զրույցում նշեց, որ, պայմանագրերը չթարմացնելով, օրենքի որեւէ խախտում իրենք թույլ չեն տվել: Պայմանագրերը չթարմացնելու պատճառը, սակայն, չասաց: «Անցած շաբաթ օրը նախարարը տնօրեններին հրավիրել է իր մոտ, զրուցել եւ այս մասին տեղեկացրել իրենց` չստանալով առարկություն»,- նշեց փոխնախարարը:

Մեր տեղեկություններով` ազատված տնօրեններից մեկի հետ պայմանագիրը հնարավոր է, այնուամենայնիվ, թարմացվի: Հասկանալի է, որ նախարարությունը, տնօրեններին ազատելով, օրենք չի խախտում, սակայն դժվարանում ենք համամիտ լինել Արեւ Սամուելյանի տեսակետին, թե մշակույթի նախարարությունն ամենաթափանցիկ կառույցներից մեկն է:

Ազգային գրադարանը երկրի համար մեկ գրադարանն է, երաժշտագիտականը եւս մասնագիտացված գլխավոր գրադարանն է: Գրադարանների ղեկավարի պաշտոնն էլ կոլխոզի նախագահի պաշտոն չէ: Եվ ինչո՞ւ պետք է նրանց ղեկավարների պաշտոնազրկման մասին հանրությունը տեղեկանա միայն ծայր առած դժգոհություններից հետո: Այն դեպքում, երբ երկու տնօրեններն էլ երկար տարիներ պաշտոնավարում են եւ հայկական մշակույթի պրոպագանդման ուղղությամբ քիչ աշխատանք չեն կատարում:

Ինչո՞ւ մշակույթի նախարարությունը նրանց հեռացման մասին սպառիչ ու պատճառաբանված տեղեկատվություն չի ապահովում, տեղի տալով զանազան ասեկոսեների: Եվ եթե նախարարությունը, նրանց աշխատանքից ազատելով, որեւէ իրավախախտում չի կատարում, ապա բարոյական որոշ նորմեր կան, որ այս պարագայում հաստատ խախտվում են: