Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կոնյակ արտադրող «Գրեյթ Վելլի» ընկերությունը, հակառակ իր անունը ոչ դրական իմաստով պարբերաբար շրջանառվելուն, գովազդային արշավ է սկսել:
«Կապիտալ», «Հրապարակ» եւ «168 ժամ» թերթերը երեկ տպագրել էին տեղեկատվություն, որում ընկերության ղեկավարությունը հայտարարում էր չլսված ու չտեսնված ակցիայի մասին: Նախ` նշվում է, իբր, մինչեւ մայիս ամսվա վերջը ընկերությունը վճարել է 2010 թվականի խաղողի բերքի մթերման գումարները եւ գյուղացիներին այլեւս պարտք չէ:
Հիշեցնենք, որ դեռ մարտ ամսից Արարատի ու Արմավիրի մարզերի բազմաթիվ գյուղացիներ ոտքի էին ելել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի»-ի դեմ, քանի որ խաղողի մթերման վեցամսյա պայմանագրեր կնքելով` ընկերությունը խախտել էր պայմանավորվածությունները: Մայիսի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ գյուղացիներին դեռեւս պարտքեր ունեցող ընկերություններին պարտավորեցրեց 10-օրյա ժամկետում վճարել պարտքերը:
Տիգրան Արզաքանցյանի վրա, սակայն, նախագահի հանձնարարականը որեւէ ազդեցություն չունեցավ: Մայիսի 20-ի դրությամբ ընկերության պարտքը կազմում էր 46.4 միլիոն դրամ: Մեր հարցմանն ի պատասխան` գյուղնախարարությունից մայիսի 27-ին տեղեկացրին, որ «Գրեյթ Վելլիի» պարտքը նշված օրվա դրությամբ կազմում էր 36 մլն դրամ, որը նրանք խոստացել էին մարել մինչեւ հունիսի 10-ը: Ընկերության ղեկավարությունը հավաստիացնում է, թե դեռ մայիսի վերջին վճարել է ունեցած պարտքը:
Սակայն այդպես չէ: Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միայն երկու բնակիչների, ում բավականին մեծ գումար էր պարտք «Գրեյթ Վելլին», վճարել է հունիսի 3-ին, այն էլ` բազմաթիվ անգամներ գնալ-գալուց հետո: Եվ ահա Արարատի ու Արմավիրի բնակիչները, որ «Գրեյթ Վելլիից» մի կերպ են կարողացել պոկել իրենց հասանելիքը, թերահավատությամբ են վերաբերվում ընկերության նոր ակցիային` ընթացիկ տարվա բերքի համար անտոկոս վարկերի տրամադրմանը, որոնք, իբրեւ, պետք է նպաստեն խաղողագործության զարգացմանը՝ ուղղվելով պարարտանյութերի, դիզվառելիքի ձեռքբերմանը, գյուղտեխնիկայի վերանորոգմանն ու վարձակալմանը:
Մենք զրուցեցինք Նորաբաց, Լուսառատ եւ Քաղցրաշեն գյուղերի մի շարք բնակիչների հետ, ովքեր նշում էին, թե «Գրեյթ Վելլին» ընդամենը մեղքերն է քավում իրենց նկատմամբ, սակայն` իզուր: «Ավելի լավ է պետության վարկերից օգտվեմ, քան Արզաքանցյանից: Վատից բացի, նրանից ոչինչ չեմ տեսել: Խաղողիս փողը մինչեւ տվեց, այ ստեղս հասավ»,- ասաց նորաբացցի Գուրգենը` հավելելով, որ դա միայն իր կարծիքը չէ, այլ` գյուղի մեծ մասի:
«Գրեյթ Վելլի»-ն նշում է, թե իր դռները բաց են բոլոր խաղող արտադրողների առջեւ, որ խաղողագործության եւ գինեգործության զարգացմանն է նպաստում արդեն քանի տարի: Սակայն մարդիկ, որոնք այդ ընկերության պարտքերի պատճառով միջոց չունեն այգիները մշակելու եւ կրճատել են մշակատարածքները, բնավ էլ համակարծիք չեն: Մեզ հետ զրույցում, Նորաբաց գյուղի բնակիչներից ոմանք, որ ընդամենը մեկ ամիս առաջ են իրենց ասելով` «զոռով-յոլով» են ստացել գումարները, նշում էին, որ այդ ակցիային կարող են վստահել միայն բանից անտեղյակ մարդիկ:
«Ես էնքան հիմար չեմ, որ մեկ անգամ քաշվելուց հետո էլի էդ վիշապների մոտ գնամ»,- ասաց լուսառատցի Ավետը` նշելով, որ ընկերությանը մրցանակներ տվողները հաստատ չգիտեն, թե «էդ սպիրտի տակ ինչքան քրտինք ու հարամ եղած փող կա»:
Քաղցրաշենցի Վարդանը եւս, ով 2009 թվականին մթերած խաղողի գումարը ստացել է 2010-ի վերջում, որոշել է` «Սաղ բերքը եթե առուն էլ թափեմ` մեկ ա, էդ օլիգարխներին չեմ տա»:
Կարո ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ