կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 16:33
Առանց Կատեգորիա

Ազատության հրապարակն իրեն սպառել է

Ազատության հրապարակն իրեն սպառել է

Ինչո՞ւ են Ազատության հրապարակում ծավալվող հեղափոխական տրամադրությունները դատապարտված: Որովհետեւ Ազատության հրապարակը ցանկացած հեղափոխական էներգիան ամփոփող եւ ոչ թե «արտահանող» հրապարակ է: Իր կառուցվածքով այն «կողպում» է ցանկացած էներգետիկ միջավայր:

 

1996-ին Վազգեն Մանուկյանը դա գլխի էր ընկել: 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանը՝ նույնպես: Նրանք որոշեցին դուրս գալ Ազատության հրապարակից: Նրանք որոշեցին ուղղորդել զանգվածի էներգիան, որը գործողություններ էր տենչում:

 

2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղորդման փոխարեն ընտրեց երթերը: Նա տեսել էր Ազատության հրապարակից դուրս ծավալվող գործողությունների վերջը: Նա հասկացել էր, որ հաղթանակի համար քիչ է իրավացի լինելը պայքարում, պետք է նաեւ շրջահայաց լինել դիրքավորվելիս: Սակայն նա դիրքավորվեց ոչ թե պայքարի մեջ, այլ զինադադարի մենթալիտետով: Նա պայքարի դուրս եկածներին ներշնչեց, որ գլխավոր կռիվը` հանձին փետրվարի 19-ի քվեարկության, արդեն տվել են: Անհրաժեշտ է, որ հակառակ կողմը  ընդունի կապիտուլյացիան: Իսկ նրանք միայն դիրքավորվեցին: Փոխարենը Ազատության հրապարակի փակ տարածության մեջ եփվող զանգվածի հեղափոխական էներգիան Լեւոն Տեր-Պետրոսյանը հանձնեց տեղապտույտին: Այսինքն` այն ի տես հանեց մայրաքաղաքի փողոցներին, որտեղ յուրաքանչյուրն արդեն վարակված էր այդ էներգիայով: Փողոցներում ոչ ոք երթերի կարիքը չուներ` այդ էներգիային միանալու համար: Երկիրն Ազատության հրապարակի հետ էր, բայց Ազատության հրապարակ չէր:

 

9 օր շարունակ Տեր-Պետրոսյանն իր առավելագույն վիճակին հասած էներգիան «ամփոփում» էր Ազատության հրապարակում: Եվ, որքան էլ տարօրինակ էր, գործողության դիմելու համար նրան օգնեց Ռոբերտ Քոչարյանը: Նա որոշեց Ազատության հրապարակն ազատել ցուցարարներից: Դա 2008-ի մարտի 1-ին գործող նախագահի մեծագույն սխալն էր: Այդ սխալը նա հասկացավ նույն օրվա երեկոյան, երբ զանգվածն սկսեց հավաքվել Մյասնիկյան հրապարակում՝ իր բնույթով բաց եւ հրավիրող հրապարակ: Այն շարժման համար բաց էր բոլոր կողմերից: Ահա ինչու մարդիկ գալիս էին ու գալիս: Ազատության հրապարակը միայն մեկ դասական մուտք ուներ Հյուսիսային պողոտայից, որտեղից էլ փետրվարի 26-ին հրապարակ մտավ Սերժ Սարգսյանի «հաղթահանդեսի» ժողովուրդը: Մտավ ու փակվեց հրապարակում: Ազատության հրապարակն այլեւս չէր համապատասխանում երկիրը համակած հեղափոխությունը կրելու «միջազգային» չափանիշներին: Ահա այդտեղ էր, որ հրապարակին «օգնության» հասավ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

Մյասնիկյան հրապարակը դասական հեղափոխական հրապարակ է: Պատահական չէ, որ այստեղ ժողովուրդն անցավ գործի, հեղափոխական էներգիան այլեւս չէր ճանաչում ոչ մի պայմանականություն, այն արդեն ինքնագործունեություն էր ուզում: Նա ճանաչել էր գործողության, կյանքի իրավունքի բնական միջավայրը: Այս հրապարակն ուներ մուտքեր ու ելքեր մի քանի ուղղությամբ: Դրանք հրապարակի սահմաններն էին, որտեղ ժողովուրդը կարող էր կազմակերպել «սահմանապահ ծառայություն»: Ինչը եւ արեց: Եվ դա այն է, ինչը հնարավոր չէր անել Ազատության հրապարակում եւ միայն վերապահումներով կարելի է անել Մատենադարանի տարածքում: Այս ամենը տեսանելի էր Ռոբերտ Քոչարյանին: Ահա ինչու Մյասնիկյանի հրապարակ հավաքվող ժողովրդին իշխանությունն ուղղորդում էր Մատենադարանի տարածք, քանի որ ժողովուրդն այլեւս չէր գնա Ազատության հրապարակ: Իշխանության բացթողումն էր, որ ժողովրդի համար փակեց Ազատության հրապարակը` մտածելով, որ այն վերստին բացելը կարող է հաղթանակի զգացողություններ ծնել զանգվածի մեջ: Փոխարենը Մյասնիկյան հրապարակը տրամադրում էր ինքնակազմակերպման, այստեղ ոչ ոք իրեն փակված չէր կարող զգալ չափազանց շատ մուտքերի ու ելքերի համար: Այստեղ մարդկանց շրջափակելը դժվար է: Ե'վ Մատենադարանի տարածքը, ե'ւ Ազատության հրապարակը փոքր երկինքներով տարածք են, փոխարենը` Մյասնիկյանի հրապարակն այդ խնդիրը չունի, այստեղ մարդիկ լիաթոք են շնչում: Մարտի 1-ը հնարավոր էր հենց Մյասնիկյան հրապարակի «պատճառով», քանի որ այն զանգվածներ հրավիրող հրապարակ է:

 

Ի՞նչ իրավիճակ է այսօր: Ազատության հրապարակում կրկին դրության տեր է զանգվածը: Սակայն հեղափոխական էներգիան այդպես էլ իր առավելագույն վիճակին չի հասնում: Հրապարակը «մատնել» է իր հակահեղափոխական բնույթը: Հրապարակում գործողություններ պահանջող քաղաքացին չէ, հրապարակն այլեւս հեղափոխություն չի շնչում: Ասվելիք մտքերն էներգետիկ լիցքեր չունեն: Հրապարակն առաջին անգամ զանգվածին է պարտադրում իր խաղաղությունը: Մարդիկ նրանից բաժանվում են առանց ափսոսանքի: Հետեւաբար` այն արդեն թելադրում է զանգվածին, իշխանություն ունի զանգվածի վրա, որը չգիտի, թե ուրիշ ինչ սպասի նրանից: Ազատության հրապարակն  այլեւս  ոչինչ չի խոստանում: Նա սպառել է իրեն:

 

Ի՞նչ պետք է անի ժողովուրդը, եթե ուզում է վերագտնել հեղափոխությունը: Նա պետք է թելադրի իր հրապարակը: Պետք է գտնի այնպիսին, որը նրան ուղղություն կթելադրի, որը կբացառի ամփոփումը, որն ինքն իրենով կշարունակի հեղափոխությունն առանց կտրուկ գործողությունների: Զանգվածը պետք է հրապարակ աճեցնի, որտեղ ոչ ոք նրան չի թելադրի, թե ինչ անել: Եվ, իհարկե, ոչ մի հրապարակ ոչինչ էլ չի զարգացնի, եթե իշխանությունը որոշի շարժումը խեղդել հին մեթոդներով:

 

Մհեր Արշակյան


«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: