″Կոմպլեմենտար″ քաղաքականությունն արդեն իրեն սպառել է
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչ Մարթա Այվազյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Եվրամիության և Եվրասիական միության համատեղումը ՀՀ իշխանությունների կողմից, Արևմուտքը և Մոսկվան կարո՞ղ են հանդուրժել «կոմպլեմենտար» քաղաքականությունը նախագահական ընտրություններից հետո, նշել է. «Հաշվի առնելով այդ կառույցների միջև գոյություն ունեցող սկզբունքային տարբերությունները՝ համագործակցության զարգացման և խորացման որոշակի աստիճանից հետո այդ համատեղումը կդառնա կամ արդեն դարձել է անհնարին, և «կոմպլեմենտար» քաղաքականությունը, որն իր ներկայիս ձևաչափով արդեն իսկ սպառել է իրեն Հայաստանի համար, հնարավոր է նաև անհանդուրժելի դառնա մեր արտաքին գործընկերների ու նախ և առաջ՝ նույն ՌԴ-ի համար: Կլինի դա նախագահական ընտրություններից անմիջապես հետո, թե ավելի ուշ և ինչ ձևով՝ կախված է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներից»: