կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-15 19:52
Քաղաքական

Ցավոք, առողջապահության համակարգում պետական պատվերի համակարգը սպառել է իրեն. Նիկոլ Փաշինյան

Ցավոք, առողջապահության համակարգում պետական պատվերի համակարգը սպառել է իրեն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին` խնդիր է դրել լուծել կենսական նշանակության մի հարց.  Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած քաղաքացի պետք է ունենա հիվանդանոցային բուժման հնարավորություն։ «Ցավոք, պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, եւ մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»,-ասել է վարչապետը։ 

Նա հույս է հայտնել, որ առկա խնդիրները կլուծվեն հնարավորինս կարճ ժամանակում, բայց առավելագույն արդյունավետությամբ` մի կողմից կարեւորելով թանկարժեք ժամանակը չկորցնելը, մյուս կողմից` շտապողական քայլերով նոր խնդիրներից խուսափելը։

Կառավարության ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել նախարար Լեւոն Ալթունյանին կատարած աշխատանքի համար։ Իսկ նորանշանակ նախարարին աշխատանքային հաջողություններ է մաղթել։

Շնորհակալություն հատնելով վստահության համար` Արսեն Թորոսյանը նշել է, որ արդեն հասցրել է մոտիկից ծանոթանալ ոլորտում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքին, եւ նախաձեռնություններ են մշակվում հանրության կողմից միանշանակ չընդունված խնդիրների լուծման ուղղությամբ։

«Արդեն քննարկումներ են սկսվել նաեւ պետպատվերի շրջանակում համապարփակ առողջապահական ծածկույթ ապահովելու ուղղությամբ»,-ասել է Արսեն Թորոսյանը։ Նա շեշտել է, որ համակարգում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը կզարգանան, որոնք շտկումների կարիք ունեն` կշտկվեն, միաժամանակ նոր ուղղություններ կընդգրկվեն։   

«Մեր որոշումները չպետք է լինեն որեւէ տեղից պարտադրված կամ ունենան կոռուպցիոն ռիսկեր։ Եթե կայացնենք որեւէ որոշում, ուրեմն փաստարկներով համոզվել ենք դրա անհրաժեշտության եւ կարեւորության մեջ։ Հետեւաբար, նույն փաստարկներով պետք է կարողանանք համոզել նաեւ հանրությանը, որ սա հենց այն է, ինչն իրեն անհրաժեշտ է»,-ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունը չպետք է մոռանա, թե ում շնորհիվ եւ ում մանդատով է դարձել իշխանություն։

Այս ենթատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է կառավարության գործողությունների պատճառահետեւանքային կապերի հստակությունը։ Նա ցանկացած որոշման կատարման կարեւոր բաղադրիչ է համարել հանրության աջակցությունը։

Հետեւաբար, բոլոր որոշումները պետք է հասկանալի լինեն մարդկանց համար։ Նա հորդորել է մշտապես երկխոսության մեջ եւ հաշվետու լինել հանրությանը։    

«Մեզանում հանրությանն արդյունավետ որոշումների կայացման  մասնակից դարձնելու մշակույթ պետք է ձեւավորենք»,-ասել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ այժմյան կառավարությունը ժողովրդի վստահության կառավարություն է։ Հանրությունն ունի ինչպես իշխանության բերելու, այնպես էլ հեռացնելու հնարավորություններ։

Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ծառայությունները կատարել առավելագույն բարեխղճությամբ եւ արդյունավետությամբ։