Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2003 թվականի համեմատ` վերջին տարիներին Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ոլորտում նկատվել է զգալի աճ: Եթե յոթ տարի առաջ այդ տնտեսությունները եղել են 50-60 հա, ապա այսօր ջերմոցային տնտեսությունների տարածքները հասել են խորհրդային ժամանակների չափերի` 120 հա:
Ըստ Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը` Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ջերմոցային տնտեսության զարգացման համար, հատկապես` բարձրադիր շրջանները:
«Մեր նպատակը ջերմատները հատկապես լեռնային գոտիներում զարգացնելն է, ինչը հնարավորություն կտա գյուղական համայնքներում կրճատել գործազրկության մակարդակը»,- նշեց նա` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է պետության աջակցությունը, հարկավոր է ստեղծել ոլորտի զարգացման հայեցակարգ. Հայաստանը պետք է դարձնել «ջերմատնային ինդուստրիալ երկիր»:
Իսկ «Բիզնեսի աջակցման կենտրոն»-ի տնօրեն Սամվել Գեւորգյանը, անդրադառնալով ջերմատնային ոլորտի խնդիրներին, հայտնեց, որ, չնայած վերջին տարիներին ջերմոցային տնտեսությունների տարածքներն ավելացել են, սակայն խնդիրները մնացել են նույնը: «Առկա խնդիրները լուծումներ չեն ստանում, մասնավորապես` բարձր մաքսային տուրքերն ու անմիջապես սահմանին ավելացված արժեքի հարկի վճարումը: Ի տարբերություն այլ երկրների, ԱԱՀ-ն մեզ մոտ գանձվում է սահմանին, այլ ոչ թե արտադրանքի իրացումից հետո, ինչը վախեցնում է արտասահմանյան ներդրողներին, ովքեր պատրաստ են խոշոր գումարներ ներդնել Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացման գործում»,- ասաց նա:
Բանախոսները նաեւ նշեցին, որ բանկերը եւ այլ վարկային կազմակերպություններ ջերմոցային տնտեսությունը որպես գրավ չեն ընդունում վարկ տրամադրելու համար: Ավելին` երկրում չկան համապատասխան մասնագետներ, որոնք կարող են զբաղվել այդ ոլորտի զարգացմամբ:
Ջերմոցային տնտեսությունների զարգացման խոչընդոտներից մեկն էլ բնական գազի բարձր գինն է: Արդեն կան փաստեր կան, որ դրա հետեւանքով, օրինակ, Շիրակի մարզում մի քանի ջերմոցային տնտեսություններ սնանկացել են:
«Դրա համար փորձում ենք այլ ուղիներ գտնել, մասնավորապես` ինֆրակարմիր ճառագայթներով տաքացնելու տարբերակը»,- ասաց Ս. Գեւորգյանը:
«Երկիր»-ի հարցին, թե 120 հեկտարի մեջ ներառվե՞լ են անհատ գյուղատնտեսական տնտեսությունների պոլիէթիլենային ծածկերով ջերմատները, Պ. Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ: Այդ տարածքներում ներառված են միայն ապակե ջերմատները, իսկ եթե պոլիէթիլենային ծածկերով ջերմատներն էլ ներառենք, ապա կունենանք 500 հեկտարից ավելի տարածք»: