կարևոր
4123 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-20 12:26
Քաղաքական

Շարժման մեկնարկից 35 տարի անց մեր հայրենիքը հայտնվել է շատ ավելի անբարենպաստ վիճակում. Արթուր Վանեցյան

Արդեն երկու ամիս է՝ Արցախը շրջափակված է։ Մենք եկել հասել ենք մի կետի, երբ Արցախն այսքան վտանգված չի եղել։ Այս մասին «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի մեկնարկին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ոչ ղարաբաղյան շարժման մեկնարկին, ոչ անցած երեսուն տարիների ընթացքում մենք չենք ունեցել նման ծանր իրավիճակ։ Այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, վտանգված է նաև Հայաստանը։ Ուրախանում է՝ տեսնելով, որ շարժման տարեդարձին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվում Արցախում ու Հայաստանում, քանի որ, ցավոք սրտի, առաջնահերթությունները Հայաստանում փորձում են փոխել ու արցախյան հիմնախնդիրը մղել երկրորդ պլան»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը չի մոռացել խնդիրն ու շատ կարևորում է արցախյան հիմնախնդրի լուծումը․

«Երկար տարիներ աշխատելով Ազգային անվտանգության ծառայությունում՝ ես միշտ ասել եմ, ինձ համար կարևոր է մեր մեծ հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանվածությունը, ուստի այսօր այս իրավիճակում չեմ կարող չանդրադառնալ այս հարցին ու չխոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ 1991-92 թվականների ձմռանն Արցախը պաշարված էր, չկային սնունդ, գազ, լույս, զենք։ Կարծես ամեն ինչ կորսված էր, բայց հայությունը միասնական ուժերով կարողացավ ճեղքել այս շրջափակումն ու 1992 թվականի սարսափելի հունվար, փերվար ամիսներից հետո ունեցանք հաղթանակներ։ Մենք ազատագրեցինք Իվանյանը, Լաչինը, Շուշին, Քարվաճառը և ի վերջո կարողացանք դուրս գալ Արաքսի ափ ու ձևավորել այնպիսի անվտանգային միջավայր, որի արդյունքում Ադրբեջանը հասկացավ, որ չի կարողանալու հասնել իր նպատակին ու արցախցուն հանել իր բնօրրանից, չի կարող արցախցուն զրկել իր հայրենիքում ապրելու իրավունքից»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես դա հաջողվեց հայ ժողովրդին՝ Վանեցյանը նշեց, որ կար միասնականություն, հավատ դեպի առաջնորդներ, դեպի շարժում։

«Այսօր ցավոք նման վստահության պակաս կա. վստահության պակաս մեր ուժերի նկատմամբ, գրեթե չկա վստահություն որոշում կայացողների նկատմամբ, կա մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել ամենասարսափելին արցախյան պատմության մեջ։ Ցավոք այսօր իրավիճակն ավելի վատ է, քան հեռավոր 90-ականներին, Արցախը շրջափակված է, Ադրբեջանն ամեն օր մտածում է մի նոր բան անել արցախահայությանը հուսալքելու, հիասթափեցնելու համար, և ցավոք սրտի, տեղ-տեղ նրանց հաջողվում է, քանի որ, նորից եմ կրկնում, չկա միասնականություն, համախմբվածություն, վստահություն հատկապես որոշումներ կայացնողների նկատմամբ։ Մեկ բռունցք դառնալու փոխարեն այսօր տեսնում ենք, թե ինչպես են մեր ժողովրդին պառակտում յուրայինների ու հակառակորդների, սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, ռուսամետների ու արևմտամետների ու դրա արդյունքում չենք կարողանում ստեղծել այն ուժը, որը կկարողանա պայքարել այս դժվար իրավիճակում։ Կասկած չկա, որ այս վիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանությունն է ու նրա վարած քաղաքականությունը»,- նշեց քաղաքական գործիչը։

Վանեցյանի խոսքով՝ այդ քաղաքականությունը բերեց այն բանին, որ Հայաստանի փաստացի ղեկավարը խաղաղություն է մուրում ու փորձում է մեր ժողովրդին համոզել, որ ուղղակի այլ տարբերակ չկա։

«Գիտե՞ք, խաղաղության օրակարգին դեմ խոսելն անլրջություն է, որևէ նորմալ մարդ չի կարող խոսել այդ օրակարգի դեմ, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, թե ի՞նչ գին ենք վճարելու դրա դիմաց, քանի որ այդ գինը վճարելու են ոչ թե այսօրվա կառավարիչները, այսօրվա իշխանությունները, այլ մենք բոլորս՝ հայ ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը։ Օրեր առաջ Հայաստանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի իր տարբերակն է ներկայացրել Ադրբեջանին, պատրաստ է ստորագրել այն։ Արդյոք մենք գիտե՞նք, թե ինչ է գրված այդ պայմանագրում, ի՞նչ գին ենք մենք վճարելու այդ պայմանագրի դիմաց։ Մենք պետք է ստիպենք, որ ժողովրդի թիկունքում որևէ պայմանագիր չստորագրվի, թող հրապարակեն, տեսնենք՝ ինչի՞ մասին է խոսքը, տեսնենք ու հասկանանք, մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ»,- ընդգծեց նա։