կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-19 21:31
Մշակույթ

Կայացած ամսագիր, որ դեռ պետք է նվաճի Հայաստանը

Կայացած ամսագիր, որ դեռ պետք է նվաճի Հայաստանը

Փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ «Անդին» ամսագիրն իր շուրջ էր համախմբել ստեղծագործող անհատների եւ ընթերցասերների: Ամսագրի խմբագրակազմը ամփոփեց անցած մեկ տարին՝  խոսելով  իր ձեռքբերումների եւ ապագա ծրագրերի մասին:

 

«Անդին»-ի երիտասարդական բաժնի պատասխանատու Անի Տեր-Գուլանյանը բացման խոսքում նշեց, որ այս տարի «Անդինը» մրցանակաբաշխություն է պատրաստվում անցկացնել, որի ժամանակ կորոշվեն տարվա լավագույն բանաստեղծությունը, արձակը, էսսեն, հրապարակախոսական եւ գիտական հոդվածները, ինչպես նաեւ լավագույն ստեղծագործությունը:

 

Անի Տեր-Գուլանյանը, խոսելով «Անդինի» ձեռքբերումների մասին, նշեց, որ դրանցից մեկն էլ 3300 տպաքանակ ունենալն է, ինչը բացառիկ է հայաստանյան ամսագրային շուկայում:

 

«Մենք կարողացանք ստեղծել մի ամսագիր, որտեղ զետեղվել են գրական, հասարակական ու գիտական միտքը: «Անդինը» բաց է բոլորի համար, միայն թե՝ ձեր բերած գործը արժեքավոր լինի»,- նշեց նա:

 

Ներկաներին ողջունեց նաեւ «Անդին»-ի խմբագրական խորհրդի նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանը: «Շատ լավ ամսագիր ենք տպում, կարդացեք»-, հորդորեց նա՝ հավելելով, որ «Անդին»-ում չկան էժանագին պատմություններ, սա լուրջ ամսագիր է:

 

«Սա միայն Մերուժան Տեր-Գուլանյանի արժանիքը չէ: Մեծապես շնորհակալ եմ այն հեղինակներին, ովքեր մեր կողքին եղան ամսագրի ստեղծման առաջին օրերից»,- ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը՝ հույս հայտնելով, որ այս տարի ամսագրի տպաքանակը կհասնի 4000-ի:

 

Ներկաներին իր խոսքն ուղղեց բանաստեղծ Հուսիկ Արան, ում խոսքով` գրական կյանքում վերջին տարիներին գրական ամսագրի պակաս կար, որն «Անդին»-ը պատվով է լրացրել:

 

 

Հնագետ Սամվել Շահինյանի  խոսքով էլ՝ Երեւանում իրավիճակն այնպիսին էր, որ գիրք կարդացող մարդուն կիսախելագարի տեղ էին դնում:

«Այս քայլով ի մի բերվեցին այն ուժերը, որոնք ի վիճակի են ստեղծագործել: Սա հաջողված ձեռնարկ է: Կայացել է մի ամսագիր, որի կարիքը վաղուց կար: Այն պետք է նվաճի Հայաստանը»,- ասաց նա:

 

«Անդինի» խմբագրակազմը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ վերջում ներկաներին նվիրեց ամսագրի՝ նախորդ տարվա համարները:

 

 

 

 

 

 

 

Շուշան Շատիկյան