կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-07 04:42
Իրավական

Խստացվել են ծանր հանցագործությունների համար սահմանվող պատժաչափերը

Խստացվել են ծանր հանցագործությունների համար սահմանվող պատժաչափերը

Հայաստանի քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները հնարավորություն են տալիս վերանայելու մոտ 1200 դատապարտյալի գործերը` հօգուտ իրենց. հունիսի 6-ի ասուլիսում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը` նշելով, որ դա «մինի ամնիստիա» է։

Նա ընդգծեց, որ քրեական օրենսդրության բարեփոխումների կարիք  ունեին հիմնականում սպանությունների, փողի լվացման եւ կրկնախախտումների մասերով հոդվածները: Փոփոխություններով վերացվել է կրկնակիության ինստիտուտը. մինչ այդ կրկնակի հանցագործություններ կատարելու դեպքում ավելի խիստ պատիժ էր նախատեսվում։ Մասնավորապես` գույքի հափշտակությունների գործերով քննության հիմքում փոփոխություններով դրվել է «մարդուն անհատական պատիժ նշանակելու» սկզբունքը:

Միաժամանակ, խստացվել են ծանր հանցագործությունների, մասնավորապես` սպանության համար սահմանվող պատժաչափերը: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 եւ 2-րդ մասերով դատապարտվելու դեպքում անձինք ենթակա են ազատազրկման, համապատասխանաբար, 8-15 եւ 12-20 տարով` նախկինում սահմանված 6-12 եւ 8-15 տարվա փոխարեն:

Մնացական Սարգսյանի խոսքերով` տվյալ գործերով պատժաչափի խստացումը նշանակում է նման հանցատեսակների կանխարգելում:

Վերացվել է նաեւ օրենսդրական բացը փողերի լվացման գործերով: Մ.Սարգսյանը նշեց, որ հաճախ, հոդվածում առկա պահանջների համապատասխան, մեղադրյալները պետք է դատապարտվեին մեկ հանցագործության համար, որպեսզի հնարավոր լիներ դատական գործ սկսել հիմնական մեղադրանքով: Մինչեւ 2007 թվականը գրեթե ոչ մի տարի փողերի լվացման մեղադրանքով դատավարություններ չեն եղել: Դա պայմանավորված էր նրանով, որ նախ` պետք էր ապացուցել, որ փողերն ապօրինի են ձեռք բերված եւ միայն դրանից հետո` արդեն երկրորդ դատական գործով ապացուցել դրանց լվացման փաստը։