Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011 թվականի առաջին 4 ամիսներին Հայաստանում հաշվառվել է 574 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով մահացել է 60, մարմնական վնասվածք է ստացել 832 մարդ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը նշեց, որ անհանգստացնող որեւէ բան չկա. «Վթարների թվի աճի պատճառը զուտ բացարձակ թվերի աճ է»:
«Ճանապարհային ոստիկանության կողմից արվում է ամեն ինչ` վիճակը կայուն պահելու համար: Իսկ դեպքերի եւ վիրավորների թիվն աճել է` կապված հունվարից մեքենաների պարտադիր ապահովագրության հետ»,- ասաց նա:
Փաստորեն, նախկինում շատ դեպքեր պարզապես չէին արձանագրվում, իսկ այսօր ամենաթեթեւ վթարի դեպքում էլ վարորդը սպասում է ապահովագրական ընկերությունների գործակալներին:
Գնդապետը Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ նախատեսված է մինչեւ տարեվերջ մայրաքաղաքում տեղադրել արագաչափ սարքեր եւ տեսախցիկներ, բայց դեռ հստակ չէ, թե մայրաքաղաքի որ փողոցներում կտեղադրվեն դրանք:
ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետն այս տարվա չորս ամիսների ընթացքում ամենածանր վթարներից առանձնացրեց ընդամենը երկուսը` Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի ունեցածը, որի հետեւանքով զոհվեց 4 մարդ, եւ օրեր առաջ Արցախի փողոցում տեղի ունեցած վթարը` նույնքան զոհով: Ըստ նրա` պատահարների գերակշիռ մասը տեղի է ունեցել վարորդների կողմից արագությունը գերազանցելու պատճառով, փոխարենը կրճատվել են հետիոտների վրաերթերը:
«Երկիր»-ի հարցին, թե Հայաստանը Հարավային Կովկասում երթեւեկության առումով ի՞նչ դիրք է զբաղեցնում, Ն. Սարգսյանը պատասխանեց. «Համեմատած Վրաստանի հետ` 10 հազար տրանսպորտային միջոցներին բաժին ընկնող վթարների ու 100 հազար բնակչի թվով մենք ավելի բարվոք վիճակում ենք»:
Նա նշեց նաեւ, որ կին վարորդներն ավելի կարգապահ են եւ փորձում են օրինապաշտ լինել: