կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-26 00:16
Քաղաքական

Համաներման քննարկումը սկսվեց

Համաներման քննարկումը սկսվեց

Քիչ առաջ ԱԺ-ն սկսեց քննարկել համաներում հայտարարելու մասին` Հայաստանի նախագահի առաջարկը:

«Պետության ընթացիկ ներքին խնդիրների լուծման եւ հասարակական հարաբերությունների որակը փոխել կարողանալու համար անհրաժեշտ պայման է քաղաքացիների համերաշխության հաստատումը: Միջազգային իրավունքի պրակտիկայում նման դերակատարություն ունի համաներումը»,- ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` հավելելով, որ դա նախագահի կողմից բարի կամքի դրսեւորում է, մարդասիրական քայլ:

Նախագծի դրույթները պայմանականորեն բաժանվում են չորս խմբի:

Առաջին` դրույթներ, որոնք նախատեսում են որոշակի անձանց պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատում` որոշակի պայմանների առկայությամբ:

Երկրորդ` պատժի չկրած մասի մասնակի կրճատում` որոշակի պայմանների, համաներման ակտը չկիրառելու դեպքեր: Նախատեսվում է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով դատապարտված անձանց, նաեւ այն անձանց ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի իրականացումը հետաձգվել է:

Երրորդ` ազատազրկումների հետ չկապված պատիժների դատապարտված անձանց ներում:

Չորրորդ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվել որոշակի կատեգորիայի անձանց նկատմամբ: Ազատվում են առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկված առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, վաթսուն տարին լրացած անձինք, հանցագործությունը մինչեւ 60 տարին լրանալը կատարած անձինք, այն անձինք, ովքեր նախկինում դատապարտված չեն եղել, հղի  եւ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող կանայք, Հայրենական մեծ պատերազմին կամ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը մասնակցած անձանց ծնողները կամ երեխաները: