Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Երեւանում կանայք բիզնեսով զբաղվում են հիմնականում իրենց ամուսինների օգնությամբ, ապա մարզերում ապրողները ինքնուրույն են նախաձեռնում եւ աշխատում: Հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպմանը Գորիսի աշխատավոր կանայք պատմում էին իրենց հուշանվերների բիզնեսի մասին. տասնվեց հոգով ձեռագործ աշխատանքներ են պատրաստում, այնուհետեւ միջոցներ գտնում դրանք շուկա հանելու համար:
Այս դեպքում ամենամեծ խնդիրն այն է, որ Սյունիքը Հայաստանի ամենահեռավոր մարզն է եւ բավականին դժվար է համապատասխան շուկաները գտնելը: Դժվարությունը փորձում են մեղմել ինտերնետի միջոցով. www.homelandhandicrafts.org կայքում տեղադրվում են աշխատանքների նմուշները եւ օնլայն վաճառք է կատարվում:
Կանանց զարգացման «ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը ներկայացնում է, որ երկու տարի առաջ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ կանայք գրեթե ներգրավված չեն համայնքի տնտեսական եւ հասարակական կյանքին. 2008 թվականի տվյալներով Գորիսի կանանց 66 տոկոսը գործազուրկ է:
Հետազոտությունից հետո որոշվում է տարբեր համայնքներում ստեղծել կանանց ռեսուրսային կենտրոններ, որոնք կնպաստեն կանանց` տնտեսական կյանքում ավելի մեծ մասնակցություն ունենալուն եւ փոքր բիզնեսում ներգրավվելուն:
Թուրքական «Բիանեթ» անկախ լրատվամիջոցի լրագրող Բուրչու Բալիկթաշը ընդհանուր գծերով ներկայացնում է կանանց կարգավիճակը թուրքական հասարակությունում: Նշում է, թե տղամարդիկ իշխող սեռ են համարվում, իսկ կանայք երկրորդ պլանում են թողնված եւ ավելի թույլ են. «Իհարկե, կան նաեւ կրթված կանայք, ովքեր ներգրավված են բիզնեսի եւ քաղաքականության ոլորտում, սակայն նրանք որպես տղամարդ են ընկալվում: Եվ ակտիվիստ կանայք ձգտում են, որ իրենց որպես կին ընդունեն այդ պաշտոններում»:
Բ. Բալիկթաշը նշում է, թե նկատում է, որ ՀՀ-ում էլ կանայք գրեթե նույն խնդիրներն ունեն, սակայն Թուրքիայում իրավիճակն ավելի սրված է: Նա օրինակ է բերում կանանց սպանությունները եւ պատմում, թե վերջերս Անկարայում ամուսինը կնոջը փողոցում դանակահարել էր, քանի որ կինը ցանկացել էր ամուսնալուծվել. «Եվ սա միակ դեպքն էր, երբ դատարանը խիստ պատիժ որոշեց մարդասպանի համար, մյուս բոլոր դեպքերում ամուսնալուծության ցանկությունը ընկալվում էր «ընտանիք քանդել» եւ դատարանը մեղմ էր վերաբերվում նման հարցերին»:
Բուրչուն այս միջադեպը բավարար է համարում պատկերացնելու համար, թե ինչ ծանր կյանքով է ապրում կինը Թուրքիայում, թեեւ նշում է նաեւ, որ այժմ կառավարությունը սկսել է տեղից շարժվել. մեծ առաջընթաց է համարվում այն, որ կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, թե Թուրքիան տղամարդու եւ կնոջ երկիր պետք է լինի:
«Թարաֆ» թերթի թղթակից Օզգյուն Աշչերը նշում է, թե եթե այստեղ կանանց 66 տոկոսն է գործազուրկ, ապա Թուրքիայում վիճակը հազիվ թե ավելի բարվոք լինի, քանի որ այնտեղ տնային տնտեսուհիներին գործազուրկ չեն համարում, եւ այս պատճառով վիճակագրական թվերը մեծ չեն:
«Յենի Շաֆակ»-ի թղթակից Այսել Յաշան խոսում է գլխաշոր հագնող կանանց խնդիրների մասին. նշում է, թե ամենաշատը հենց նրանք են ճնշված եւ Թուրքիայի համար ամոթ է, որ այս կանանց թույլ չի տրվում համալսարաններում սովորել կամ նրանց աշխատանքի չեն ընդունում իրենց արտաքինի պատճառով:
Ներկաներից մեկը հարցնում է, թե այս դեպքում ինչպե՞ս է Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու: Թուրքերը ծիծաղում են. «Դե դրա համար էլ դեռ չենք կարողանում մտնել: Երանի թե միայն կանանց խնդիրը լիներ...»:
Ի պատասխան այս ամենի, ներկա կանանցից մեկը, խմորեղենի արտադրամասի ղեկավար Նաիրա Օհանյանը նշում է, թե ի տարբերություն Թուրքիայի, հայ կանայք իրավազուրկ չեն:
Մեզ մոտ կանայք իրավունքներ ունեն, պարզապես սուղ են ինքնարատահայտվելու, ինչ-որ քայլեր նախաձեռնելու հնարավորությունները:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Գորիս