Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն վաթսուն տարի է, ինչ վարպետ Օնիկ Ջեմջեմը զբաղվում է փայտագործությամբ: Ընկերները պատմում են, որ Կոստանդնուպոլսում (Ստամբուլ) չկա հայկական մի հիվանդանոց ու դպրոց, որի կառուցման ու վերանորոգման աշխատանքներում վարպետ Օնիկը մասուբաժին չունենա:
Նա ծնվել ու մինչեւ տասնհինգ տարին ապրել է Սեբաստիայում, իսկ հետո տեղափոխվել է: Պատճառը տեղում հայկական դպրոցների բացակայությունն է եղել. ծնողները ցանկացել են, որ երեխաները հայերեն սովորեն:
Վարպետը հիմա Ստամբուլում է ապրում, բայց ամեն տարի Երեւան է գալիս ու մտածում է, որ մի տուն էլ այստեղ պիտի կառուցի: Հարցին, թե իր փայտե աշխատանքները բերո՞ւմ է Հայաստան, պատասխանեց. «Պիտի բերեմ. դուռս պիտի շինեմ»:
Ներկայումս 70-ամյա վարպետը մասնակցում է Պոլսի պատրիարքարանին պատկանող Սբ Աստվածածին եկեղեցու երրորդ մասնաշենքի վերանորոգման աշխատանքներին:
1822 թվականին կառուցված Սբ Աստվածածին եկեղեցական համալիրը բաղկացած է երեք մասնաշենքից, որոնցից յուրաքանչյուրը առանձին եկեղեցի է համարվել եւ ենթարկվել տարբեր կենտրոնների: Առաջինը ենթակա է եղել Էջմիածնին, երկրորդը`Պոլսի, իսկ ներկայումս վերանորոգվող երրորդը` Երուսաղեմի պատրիարքարանին:
Արդեն հարյուր տարի է, ինչ կրոնական ծիսակատարություններ չեն կատարվել այս եկեղեցում, սակայն դրա ճարտարապետական կառուցվածքը չի փոխվել եւ վերանորոգման ժամանակ էլ ամեն ինչ նույնությամբ մնալու է: «Հայկական եղել է, հայկական էլ մնալու է: Մենք ինչ ուզենք, այն պիտի լինի, ոչ թե նրանց ասածը»,- ասաց ճարտարապետ, եկեղեցու շինարարակական աշխատանքների ղեկավար Գեւորգ Կարագյոզյանը:
Վերանորոգման աշխատանքները կատարվում են Թուրքիայի կառավարության կողմից իրականացվող «Ստամբուլը` մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
«Հետաքրքիրն այն է, որ վերանորոգման աշխատանքների համար պահանջվող գումարների 70 տոկոսը տրամադրվում է կառավարության կողմից, իսկ 30 տոկոսը` հայ համայնքի (Քումքափեի «Սուրբ Աստվածածին» եկեղեցի հիմնադրամ)»,- նշեց Գ. Կարագյոզյանը` հավելելով, որ, ընդհանուր առմամբ, տրամադրվել է մոտ 2.2 միլիոն թուրքական լիրա (մոտ երկու միլիոն դոլար):
Եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել են նախորդ տարվա հոկտեմբերին, եւ նախատեսվում է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում դրանք ամբողջությամբ կավարտվեն: Այնուհետեւ եկեղեցում հնարավոր կլինի պատարագներ եւ կրոնական այլ ծիսակատարություններ իրականացնել:
Այն գործելու է նաեւ որպես մշակութային կենտրոն. կազմակերպվելու են համաժողովներ, ցուցահանդեսներ, համերգներ եւ այլ միջոցառումներ:
«Մարմարա» թերթի անձնակազմի ղեկավար եւ ֆոտոլրագրող Կարո Համամջյանը նշեց, որ Կոստանդնուպոլսում սա եզակի դեպք է, երբ հայկական եկեղեցի է կառուցվում կառավարության ֆինանսավորմամբ: Մինչ վերջերս վիճակն ավելի վատ է եղել. «Վերանորոգման հրաման չէին տալիս: Եվ ի՞նչ պիտի լիներ: Փլվում էր կամ այրում էին, տեղում ավտոպարկ էին կառուցում»:
Կ. Համամջյանի խոսքերով` այժմ կառավարությունը փորձում է ավելի բարյացակամ լինել փոքրամասնությունների, այդ թվում` հայերի հանդեպ, եւ հույս կա, որ հայկական եկեղեցին աստիճանաբար կկարողանա հետ վերադարձնել կալվածքները:
Հայկական եկեղեցին ունի շուրջ 1800 կալվածք, որոնցից միայն 135-ն է վերադարձվել:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ստամբուլ