կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 03:39
Քաղաքական

Վտանգավոր զարգացումներ

Վտանգավոր զարգացումներ

Որքան մոտենում ենք ընտրություններին, այնքան արտաքին գործոնների ազդեցությունը Հայաստանի վրա զգալի է դառնում: Եվ դրա արդյունքում ներքին քննարկումների ժամանակ ներպետական եւ միջպետական կոնֆլիկտների ապասառեցում է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Ներկա պահին ապասառեցման փուլում են մարտիմեկյան դեպքերի բացահայտման եւ առհասարակ Հայաստանի պարտավորությունների չկատարման հարցերը: Որպես արտաքին ազդեցության օրինակներ` Ս. Սաֆարյանը նշեց վերջին մի քանի զեկույցները. ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցում Մարտի 1-ի բացահայտված չլինելն ուղղակիորեն կապվում է սոցիալական բունտի սպառնալիքի հետ: Դրան նախորդեց ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, որում, ըստ Ս. Սաֆարյանի, բավական տարօրինակ կոնտեքստում խցկված էր Արցախի ու ադրբեջանական հողերի «օկուպացման» սյուժեն:

Ապասառեցման փուլում է նաեւ Արցախյան հակամարտությունը. «Մոտ երկու շաբաթ առաջ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահն ասաց, թե կողմերն առավելապես մոտ են եղել խնդրի կարգավորմանը 2001-ին: Եվ սրան հաջորդում է օրերս BBC-ին Տեր-Պետրոսյանի տված հրապարակումը, որտեղ նա գրեթե պատասխանում է այս հարցին` հիշեցնելով, որ խնդրի կարգավորմանը  կողմերն առավել մոտ են եղել 1997-ին: Սրանով, կարծես, փորձում են քննարկում սկսել այն մասին, թե որ նախագահի օրոք է առավել իրատեսական եղել խնդրի կարգավորումը»:

Երրորդ խնդիրը վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին եւ Ցեղասպանությանը: «Եվ սա պատահական չէ, քանի որ միջազգային հանրության համար հետաքրքիր լինելու այլ ռեսուրս Հայաստանը չունի, բացի իր կոնֆլիկտներից»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Նրա խոսքերով` այստեղ նկատելի են վտանգավոր զարգացումներ. մի կողմից թուրքական կողմն է փորձում վաճառքի հանել «արձանագրությունների վավերացումը», մյուս կողմից` միջազգային հանրությունն է ուղերձներ հղում, թե եթե ուզում ես բաց սահմաններ ունենալ, ապա պետք է ազդես Սփյուռքի` այս հարցում ունեցած դիրքորոշման վրա:

«Ես գտնում եմ, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի չեն գիտակցում, թե ուր է թեւակոխում այս փուլը` թե' Ղարաբաղյան խնդրի զարգացումները, թե' Հայաստանի չկատարված  պարտավորությունների քննարկումները, թե' հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, այսպես ասած` վավերացման քննարկումները»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Նա նշեց նաեւ, որ այս վտանգների դեմն առնելու քայլերը հետեւյալն են` պարտավորությունների պատշաճ կատարում, քաղբանտարկյալների ազատ արձակում, Հայաստանում խորքային քաղաքական բարեփոխումների կատարում եւ այլն: