Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի վեց բանկերի հետ ստորագրել է առևտրի ֆինանսավորման համաձայնագիր: Բանկի՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրին մեկ շաբաթ հետո կմիանա Վրաստանը, իսկ այս տարվա ընթացքում՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքմենիան։
ԱԶԲ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում մասնավոր բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Սթիվեն Վերմերտն ասում է, որ բանկերի կողմից որպես վճարային միջոց տրամադրված ֆինանսական ռեսուրսները վճարման երաշխիքներն են միջազգային առևտրային գործարքներ իրականացնելու համար։
Երեկ հրավիրված ասուլիսին ԱԶԲ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում մասնավոր բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Սթիվեն Վերմերտը հայտարարեց, որ այդ քայլն ուղղված է Հայաստանում առևտրի ոլորտի զարգացման խթանմանը և Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրներում կայուն տնտեսական աճի ապահովմանը:
ԱԶԲ-ի հետ համաձայնագիրը ստորագրել են «Ամերիաբանկը», «Անելիք բանկը», «Արդշինինվեստբանկը», «Հայէկոնոմբանկը», «Կոնվերս Բանկը» և «Յունիբանկը»: Առևտրի ֆինանսավորման նշյալ համաձայնագրով՝ առևտրային բանկերի համար կբացվի $17 մլն-ի վարկային գիծ առևտրի ֆինանսավորման համար։ ԱԶԲ-ի՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում միջազգային առևտրի խթանման համար նախատեսվում են բանկային երաշխիքներ և վարկեր` ԱԶԲ-ի համագործակցության երկրներում:
Ծրագրի շրջանակում ԱԶԲ-ն բանկերին երաշխիքներ և վարկեր է տրամադրելու՝ առևտրին աջակցելու համար։ Վարկավորման միջին ժամկետը կազմելու է 180 օր, առավելագույնը՝ 3 տարի։ ԱԶԲ-ի ներկայացուցիչն ասաց, որ վարկերն էժան չեն լինելու՝ չմանրամասնելով, սակայն, տոկոսադրույքի չափը: Նա նշեց, որ առկա են առևտրի ֆինանսավորման որոշակի սահմանափակումներ, մասնավորապես՝ երաշխիքներ կտրվեն ԱԶԲ-ի ճանաչված արտասահմանյան բանկերի հետ կատարվող գործարքներին։
Ըստ Սթիվեն Վերմերտի՝ առևտրի ֆինանսավորման համաձայնագրի նպատակն է նպաստել առևտրի՝ որպես Հայաստանի տնտեսության առավել կարևոր բաղադրիչներից մեկի շարունակական զարգացմանը, որը կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսության կայուն զարգացմանը: Նա նշեց, որ ներկայում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում Առևտրի ֆինանսավորման ծրագրին են միացել Ուզբեկստանի, Տաջիկստանի բանկերը, իսկ մեկ շաբաթ հետո կմիանան նաև Վրաստանի բանկերը։ Ներկայում ծրագիրը գործում է 14 երկրում։ Վերմերտի խոսքով՝ մեկ տարի անց կիրականացվի հայկական ծրագրի ուսումնասիրությունը, և հնարավոր է՝ ավելացվեն Առևտրի ֆինանսավորման ծրագրի ծավալները։
«Առևտրի ֆինանսավորման գործիքը նոր է Հայաստանում, և ժամանակ է անհրաժեշտ, որ բանկերն այն կարողանան ներկայացնել»,- ասաց նա։ Նշենք, որ ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ. և ունի 67 անդամ երկրներ, որոնցից 48-ը՝ ասիական տարածաշրջանից։ Բանկի միջոցները ձևավորվում են անդամ երկրների վճարումներից (հիմնադիր կապիտալը՝ $55 մլրդ) և տեղաբաշխված վարկերի տոկոսներից։ Բանկի հիմնական բաժնետերերն են Ճապոնիան, ԱՄՆ-ը և Չինաստանը։