Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրականում հասարակության ամենաանպաշտպան ներկայացուցիչները լրագրողներն ու փաստաբաններն են. այսօր «ԶԼՄ-ների դեմ ներկայացվող հայցապահանջների քննության հետ կապված առանձնահատկությունները» թեմայով քննարկմանը ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի ղեկավար Արա Զոհրաբյանը:
Ըստ նրա` փաստաբանին վճարված ամբողջ գումարը չպետք է ամբողջությամբ պահանջվի փոխհատուցող կողմից, քանի որ դա կարող է լինել դիրքի չարաշահում. «Այս դեպքում մենք առաջակում ենք, որ իջեցվի նաեւ վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսվող փոխհատուցման առավելագույն շեմը»։
Այսօր երեկոյան ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստում կքննարկվի գիտավերլուծական կենտրոնի մշակած մի փաստաթուղթ, ըստ որի` վիրավորանքի կամ զրպարտության համար անձի պահանջի առավելագույն շեմը պետք է 1 միլիոնից իջեցվի 300 հազար դրամի, իսկ գործարար համբավի պաշտպանության համար փոխհատուցումը` 2 միլիոնից դառնա ոչ ավելի, քան 500 հազար դրամ։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ նշեց, որ փաստ է` ունենք շատ վատ օրենք, եւ «այսօր մենք` լրագրողներս, բան ու գործ թողած, փաստաբանների հետ փորձում ենք սրբագրել այդ օրենքը եւ նվազեցնել բացասական հետեւանքները»:
«Այս օրենքով փորձ է արվել լրագրողների, լրատվամիջոցների եւ ազատ մամուլի բերանը փակել, արգելափակել ազատ խոսքի իրավունքը»,- հայտարարեց նա:
Քննարկման մասնակիցները նաեւ կարծիք հայտնեցին, որ մեր դատական համակարգում շատ անելիքներ կան: Ըստ Ա Զոհրաբյանի` դատավորները միայն դե յուրե են անկախ: «Ժողովո'ւրդ ջան, մեր համակարգերն արժանի են միմյանց: Մեր երկրի լրատվամիջոցներն արժանի են մեր իշխանությանը, մեր իշխանությունն արժանի է իր ժողովրդին, մեր փաստաբաններն արժանի են մեր դատախազներին: Իսկ փաստաբանների մեջ կան ե'ւ վատերը, ե'ւ լավերը»,- հայտարարեց նա: