կարևոր
2299 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-31 16:51
Քաղաքական

Մենք այսօր արժանի չենք ոչ Անկախության,ոչ Եռաբլուրին, ոչ Գանձասարին ու ոչ էլ Էջմիածնին. Էդուարդ Շարմազանով

Մենք այսօր արժանի չենք ոչ Անկախության,ոչ Եռաբլուրին, ոչ Գանձասարին ու ոչ էլ Էջմիածնին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. 

«Երբ պատճառները վերացնելու փոխարեն փորձում ես պայքարել հետևանքների դեմ՝ կանգնում ես հայրենազրկման առաջ։

Այն ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում, ուղղակի հետևանք է 2018-ի ազգակործան հեղափոխության ու 2021-ի ընտրություններով կապիտուլյացիայի  լեգիտիմացման։ 2018-ին  ԱՄՆ ներկայացուցիչ Բոլթոնն եկավ Հայաստան ու առաջարկեց հայ ժողովրդին «հրաժարվել իր պատմական կաղապարներից»։

2018-ի աշնանը ԱԺ-ում տագնապ հնչեցրեցի այս հայտարարության ազգակործան հետևանքների վերաբերյալ. հրաժարում պատմական կաղապարներից նշանակում է հրաժարում Ազատ Արցախից, Հայոց Պահանջատիրությունից, Հայ Եկեղեցու վճռորոշ դերից, ավանդական արժեքներից ու դաշնակիցներից։

Այն ժամանակ միայն ես ու իմ մի քանի հանրապետական ընկերներն էին Աժ -ում խոսում վտանգների մասին։

Նիկոլը Արցախում օգտագործում էր «Ղարաբաղի հայություն» եզրույթը, ես տագնապ էի հնչեցնում նման ձեւակերպման վտանգների մասին, բայց նույնիսկ այն ժամանակվա Արցախի ղեկավարությունը ծպտուն չէր հանում։

Դրանից հետո կալանավորվում են Արցախի հերոսներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի վրա անհեթեթ  «սալյարկայի գործ» են կարվում, բայց Արցախի ղեկավարությունը լռում էր։

Նիկոլը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում բացականչում է՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,պատերազմի լույս վառելով Ադրբեջանի համար։

Պաշտոնական Ստեփանակերտը այդ ժամանակ էլ լուռ էր։

Քիչ անց տեղի է ունենում ևս մեկ խայտառակ դեպք. Արցախի նախագահի աթոռին բազմած անձը Հ1-ի եթերում անամոթաբար «ցեխ է շպրտում» 2016-ի Ապրիլյանի ղեկավարների ու փառաբանում Նիկոլին՝ նշելով, որ 2016-ին Ստեփանակերտում օդը բաց էր, իսկ հիմա/Նիկոլի շնորհիվ/ ՝փակ։

Ավելին.Փաշինյանը մեծամտաբար հայտարարում է՝ բանակցում եմ իմ սեփական կետից։
Դրանից հետո Նիկոլը սկսում է հոխորտալ,որ ինքն ինչ պետք է, դա էլ բանակցում է։
Այնուհետև սկսվում է պատերազմը։ 

Նիկոլը 44 օր խաբում է, թե հաղթելու ենք։
Պատերազմի առաջին օրը Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է, ր պատերազմը կարող է այս պահին էլ կանգնեցնել «5 պլյուս 2» տարբերակով՝ առանց մեկ զոհի ու ԼՂԻՄ նախկին տարածքից մեկ սմ նույնիսկ չզիջելով։

Պատերազմի ընթացքում Նիկոլը մերժում է Պուտինի պատերազմը կանգնեցնելու առաջարկը։
Արդյունքում ավելի վատ պայմաններով ու հազարավոր զոհերով ստորագրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Գալիս է 2021-ի ընտրությունը. ի՞նչ է անում Արցախի ղեկավարությունը։

Ոչ թե չեզոք է մնում, ոչ թե սատարում է Արցախ ազատագրած Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, այլ ողջ հոգով ու սրտով Արցախի նախագահն ու թիմը սատարում են ՔՊ-ին։

Դրանից ամիսներ անց Փաշինյանն ու ռեժիմը խոսում են «նշաձողի իջեցման», Լաչինը ադրբեջանցիներին տալու, նոր սեպտեմբերյան պատերազմ են բերում՝ 226 նահատակ ու ՀՀ 150 քառ.կմ տարածքի օկուպացիա։

Գալիս է 2023-ը ու Նիկոլը հայտարարում է Արցախն Ադրբեջանի մաս. հայտարարում է Բրյուսելում, Ռեկյավիկում, Մոսկվայում ու Երեւանում։

Արցախի ղեկավարությունը պահանջում է ամեն ինչ բոլորից բացի Նիկոլից։ Արդյունքում փակվում է Արցախի կյանքի ճանապարհն ու սկսվում է Արցախի պաշարումն ու արցացիների հայրենազրկման գործընթացը։

Հիմա եկել ազգովի ռուսին, ֆրանսիացուն ու ամերիկացուն ենք բողոքում ու մեղադրում։
Իսկ նրանց «կոշիկին էլ չէ» մեր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, գիտեք ինչու՞։
Քանի որ մենք որպես հասարակություն փաստացի ուրացել ենք Արցախն ու Անկախությունը,
Հայաստանն ու Ղարաբաղյան շարժումը։

Ստամոքսն ու նյութապաշտությունը հաղթեց մեզ որպես ազգային հասարակություն։
Ինքնախաբեությունը մեղք է։

Մենք այսօր արժանի չենք ոչ Անկախության,ոչ Եռաբլուրին, ոչ Գանձասարին ու ոչ էլ Էջմիածնին։
Լուծում կա՞ այս վիճակից դուրս գալու։

Երեւի. ապաշխարհում, Ազգի ու Հայրենիքի հավիտենականության գիտակցում գործով,հրաժարում «30 արծաթից» ու էգոիստի նման եսակենտրոն հասարակություն կառուցելուց, և, ամենակարևորը, ապավինում Աստծուն ու մեր Սուրբ Եկեղեցուն։

Ու դա յուրաքանչյուրս պետք է սկսենք հենց  մեզնից, քանի որ ամեն մեկս էլ ունենք մեր մեծ մեղքի բաժինը»։