կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-06 02:42
Տնտեսական

Ջրի գինը չի իջնի

Ջրի գինը չի իջնի

Գյուղացուն այսօր տրվող ոռոգման ջուրը բավական թանկ է, այս խնդիրը բազմիցս բարձրացվել է տարբեր հարթակներում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն ասաց, թե երբ խոսվում է թանկ-էժանից, պետք է հասկանալ, թե ինչի՞ համեմատությամբ է թանկ:

Հայաստանում 130 հազար հա հող է ոռոգվում, եւ այդ հողերում էլ աճում է գյուղմթերքի 80 տոկոսը: Այդքանի համար գյուղացին մեկ տարում պետք է վճարեր 8.5-9 միլիարդ դրամ, մինչդեռ վճարել է 3.5 միլիարդ: Իսկ առհասարակ գյուղացու պարտքը, 2004 թվականից սկսած, կազմում է 6 միլիարդ դրամ:

Թեեւ ներկայումս ջրի սակագնի 18 դրամից 7 դրամը  սուբսիդավորում է պետությունը, միեւնույն է, գյուղացու համար դժվար է վճարելը:  Հարցին, թե հնարավո՞ր է, որ ջրի սակագինը նվազի, Ա. Ղազարյանն ասաց, որ դա կախված է մի շարք խնդիրներից:

Օրինակ, երբ ԽՍՀՄ տարիներին էլեկտրաէներգիան «ջրի գին» ուներ, հանրապետության ողջ տարածքում պոմպակայաններ են կառուցել, իսկ այժմ վերոնշյալ 8.5-9 միլիարդից 5 միլիարդը ծախսվում է հոսանքի վրա:

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել մեխանիկական ենթակառուցվածքները փոխարինել ինքնահոսով: Երբ պոմպակայանները դուրս բերվեն շահագործումից, էլեկտրաէներգիա ավելի քիչ կծախսվի, այդ ժամանակ էլ գուցե սակագինը փոխվի: