կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-01 22:16
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Կյանքը շարունակում է թանկանալ

ԿԱՊԻՏԱԼ. Կյանքը շարունակում է թանկանալ

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ սպառողական գները 2011թ. մարտին հունվարի նկատմամբ աճել են 0,8%-ով: Ընդ որում` հունվար-մարտ ամիսներին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1,7%, ինչը 0,7%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ըստ վիճակագրական գերատեսչության՝ այդ հավելաճի հիմնական պատճառը պարենային ապրանքների 11,5%, ոչ պարենային ապրանքների 0,5%, ծառայությունների 0,9% գների աճն է: Բանջարեղենի ապրանքախմբում գրանցվել է 28, 6% աճ, շաքարավազի` 5,5%, սուրճի, թեյի, կակաոյի` 5,8%, հացամթերքի՝ 18,0%, պանրի՝ 33%, ձվի` 12% աճ:

Իսկ մրգի ապրանքախմբում աճը հասել է 41,0%-ի: Մեծ հաշվով, սպառողական գների ինդեքսի աճի հիմնական պատճառը կարտոֆիլի, հացամթերքի և մրգի թանկացումն է: Կարտոֆիլի գինն աճեց 4-5 անգամ, ինչը կապվում է դրա ցանքատարածությունների մոտ 30%-ով կրճատման հետ:

Մայրաքաղաքում ներկայում կարտոֆիլի կիլոգրամի գինը հավասարվել է շաքարավազի գնին ու տատանվում է 350-400 դրամի սահմաններում։ Սպառողական գների ինդեքսը, սկսած 2002-ից մինչև 2011թ., հիմնականում դրսևորել է աճի միտում, 2005թ. հասել է 3,7%-ի, հետագա երկու տարիներին կրճատվել է, իսկ 2008թ. աճելով հասել է 4,8%-ի, և արդեն 2011թ. գրանցվել է 5,2% հավելաճը, ինչը դիտարկված տասը տարիների կտրվածքով ամենաբարձր մակարդակն է:

Հունվար-մարտ ամիսներին պարենային ապրանքների գները համապատասխանաբար ավելացել են 6,1%, 7,0% և 7,9%-ով, աճի միտում է դրսևորվել նաև ծառայությունների ոլորտում՝ 0,1%-ից հասնելով մինչև 2,5%: Ոչ պարենային ապրանքների գները 2011թ. մարտին փետրվարի նկատմամբ աճել են 0,5%-ով, որը մեծապես պայմանավորված է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3,5% և 5,0% գնաճով: 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 9,7% և 17,7%-ով: Ծառայությունների գների բարձր հավելաճ է արձանագրվել հանգստի կազմակերպման (1,0%), տրանսպորտի (2,8%), բուժսպասարկման (5,1%) ոլորտներում:

Չնայած ԿԲ-ի կողմից վարվող հակագնաճային քաղաքականությանը՝ այն, միևնույն է, շարունակում է մնալ թիրախայինից բարձր մակարդակի վրա (4±1,5%): Այդուհանդերձ, կանխատեսվում է, որ ներկայիս 12%-ի փոխարեն 2011թ. տարեկան կտրվածքով կարձանագրվի 6% գնաճ: