կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 22:51
Հասարակություն

ԿԱՊԻՏԱԼ. Ձկնամթերքը կարող է թանկանալ

ԿԱՊԻՏԱԼ. Ձկնամթերքը կարող է թանկանալ

Երեկվա նիստին կառավարությունը որոշում է ընդունել սահմանել ձկնամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջներ, որի նպատակը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, եվրոպական շուկաներ տեղական ձկնամթերքի արտահանումը խթանելն է: Չնայած գործադիրի բարի նպատակներին՝ չի բացառվում, որ որոշումը հանգեցնի ձկնամթերքի թանկացմանը տեղական շուկայում, քանի որ ձկնաբուծական տնտեսությունները ստիպված են լինելու հավելյալ ծախսեր կատարել:

 

Կառավարության հաստատած նոր կանոնակարգի պահանջները տարածվում են ոչ միայն արտահանողների, այլեւ ներքին շուկայի խաղորդների վրա: Վերջիններիս վրա այն կարող է բացասական ազդեցություն ունենալ, քանի որ ձկնամշակման, պահպանման եւ փաթեթավորման ծախսերի ավելացումը ինքնաբերաբար կհանգեցնի նաեւ ձկնամթերքի թանկացմանը: Մյուս կողմից, սակայն, ներկայում ձկների վաճառքն ինքնաբուխ է, եւ առողջապահության նախարարության ուժերից վեր է ձկնամթերքի վաճառքի գործընթացի պատշաճ կազմակերպումը վերահսկելը: Հավանաբար սրանից ելնելով է, որ այդ գերատեսչությունը դեմ էր կանոնակարգի ընդունմանը: Նոր որոշմամբ՝ ձկնամթերքի հիգիենայի պահանջները եւ դրանց վերահսկողությունը առողջապահության նախարարությունից փոխանցվել է գյուղատնտեսության նախարարությանը:

 

Ձկնամթերքի շուկան կարգավորելու գործադիրի որոշումը, ինչ խոսք, կարող է դրականորեն ազդել ոլորտի վրա՝ հայ ձկնաբույծներին հնարավորություն տալով դուրս գալ արտաքին, հատկապես՝ եվրոպական շուկաներ: Կանոնակարգով սահմանված են միանգամայն տրամաբանական պահանջներ, օրինակ` թարմ ձկնամթերքը միայն խմելու կամ մաքուր ջրով պետք է լվացվի, դրա պաղեցման կամ պահման համար միայն խմելու կամ մաքուր ջրից ստացված սառույց պետք է օգտագործվի, շուկայահանվող ձկնամթերքը պետք է բավարարի ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մանրէաբանական չափանիշները, այնպես էլ միջազգային հիգիենիկ նորմերը եւ այլն:

 

Սակայն կանոնակարգի որոշ պահանջներ գործընթացը վերահսկող մարմինների կողմից կարող են արժանանալ տարաբնույթ գնահատականների՝ կոռուպցիոն ռիսկերով հանդերձ: Օրինակ` ըստ նորմերի՝ ձկնամթերքը պետք է ենթարկվի տեսողական հետազոտության, որպեսզի հայտնաբերվեն տեսանելի մակաբույծները, եւ բացառվի մակաբույծներով վարակված ձկնամթերքի շուկայահանումը; վաճառակետերը, որտեղ ձուկ են վաճառում, չպետք է օգտագործվեն այլ նպատակներով եւ այլն: Ո՞վ է իրականացնելու տեսողական հետազոտությունը եւ որոշելու մակաբույծների առկայությունը, ինչպե՞ս է կարգավորվելու սուպերմարկետներում (որոնք օգտագործվում են այլ նպատակներով եւս) ձկնամթերքի վաճառքը եւ այլ հարցեր հստակեցման կարիք ունեն:

 

Նշենք, որ կանոնակարգը կրկնում է Եվրախորհրդարանի եւ Եվրոպական խորհրդի 2004թ. ապրիլին ընդունած կանոնակարգը:

 

2010թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 160 տոննա թարմ ձուկ, ինչը 560 անգամ գերազանցում է  անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Սառեցրած ձկների արտահանումը նախորդ տարվա համեմատ եռակի ավելացել է՝ կազմելով 48 տոննա: Նվազել է միայն կենդանի ձկների արտահանումը` նախորդ տարվա 8 տոննայի համեմատ կազմելով 3 տոննա: