կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-13 16:13
Տնտեսական

Էժանացել են միրգ-բանջարեղենը, ձուն, շաքարավազը, միսը շարունակում է թանկանալ

Էժանացել են միրգ-բանջարեղենը, ձուն, շաքարավազը, միսը շարունակում է թանկանալ

ՀՀ ազգային վիճակագրական ընկերությունը ներկայացրել է փետրվար ամսի սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ փետրվարին, հունվարի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկումով: Սննդամթերքի գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:

Հանրապետության` դիտարկված 8 քաղաքներում 2018թ. փետրվարին, հունվարի համեմատ, սպառողական գները նվազել են 1.2-0.3%-ով, 2-ում գրանցվել է 0.1-1.1% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.6%-ով:

Հանրապետության` դիտարկված 9 քաղաքներում 2018թ. փետրվարին, հունվարի համեմատ, բանջարեղենի գները նվազել են 13.9-4.4%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում): Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 8.0%-ով:

Մրգի ապրանքախմբում 2018թ. փետրվարին, 2017թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է 0.6%, իսկ 2018թ. հունվարի համեմատ` 2.0% գնանկում:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում  ընթացիկ տարվա փետրվարին, 2017թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է 7.2% գնաճ, իսկ 2018թ. հունվարի համեմատ`0.5% գնակում, ինչին մեծապես նպաստել է ձվի՝ 3.1% գնանկումը:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. փետրվարին, 2017թ. փետրվարի համեմատ, գրանցվել է 9.5%, իսկ 2018թ. հունվարի համեմատ՝ 0.4% գնանկում:

2018թ. փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի 0.1% գնանկում, իսկ սուրճի, թեյի և կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. փետրվարին, 2017թ. փետրվարի համեմատ, գրանցվել է 14.1%, իսկ 2018թ. հունվարի համեմատ 1.0% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2018թ. փետրվարին, 2017թ. փետրվարի համեմատ, արձանագրվել է 25.5%, իսկ 2018թ. հունվարի համեմատ`0.9% գնաճ:

2018թ. փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.1%, յուղերի և ճարպերի՝ 0.3%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.4% գնաճ: